Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԱՄՆ նոր պատժամիջոցները Դամասկոսի ու նրա աջակիցների դեմ

Սիրիա- Ամերիկյան զինված ուժերը Քամիշլիում, 1-ը նոյեմբերի, 2019թ.

Այսօրվանից ուժի մեջ են մտնում ամերիկյան նոր պատժամիջոցները Սիրիայի իշխող վարչակազմի ու նրա աջակիցների դեմ։ Ըստ այդմ, Վաշինգտոնը սպառնում է պատժել բոլոր, այդ թվում՝ օտարեկրյա ընկերություններին, հաստատություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, որոնք գործարար կապեր կհաստատեն Դամասկոսի հետ։

«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Ասադի ռեժիմը վայելի հաղթանակը՝ առանց պատասխան տալու իր գործած վայրագությունների համար»,-հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթը։

Օրենքը, որ նախագահ Թրամփը ստորագրել էր անցած տարեվերջին, կոչվում է Ցեզարի ակտ՝ ի պատիվ Սիրիայից փախած, Ցեզար մականունով մի զինվորականի, ով լուսանկարել էր Ասադի վարչակազմի կտտանքներն ու բռնությունները ընդդիմադիրների դեմ։