Կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվություն տարածելու համար տուգանվել է հեռուստաընկերություններից մեկը

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 17-ը հունիսի, 2020թ.

Հայկական հեռուստաընկերություններից մեկը տուգանվել է կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվություն տարածելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, երբ պատասխանում էր պատգամավորների հարցերին, սակայն այդպես էլ չնշեց լրատվամիջոցի անունը։

Պատգամավորներից շատերն էին բարձրաձայնում՝ համավարակի ալիքն ուղեկցվում է ապատեղեկատվության արշավով։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ արդյո՞ք վարակի մասին կեղծ տեղեկություններ տարածելը դավաճանական քայլ չէ և վտանգի տակ չի դնում հանրության առողջությունը, Հակոբյանը պատասխանեց՝ հեռուստաընկերություններում այսպիսի խնդիրներ հիմնականում ծագում են հյուրերի հետ՝ հարցազրույցների ժամանակ։ Ըստ նրա՝ լինում են դեպքեր, երբ մարդիկ գալիս են ստուդիա՝ դիտավորյալ ապատեղեկատվություն տարածելու համար։

«Դուք պարտավոր եք, բարեկամներ, երբ որ տեսնում եք այդպիսի ապատեղեկատվություն, այդպիսի չարության խոսքեր, գոնե այդ բաները կտրեք: Այսինքն՝ մեր սահմաններում լիազորությունների մենք փորձում ենք դա նվազեցնել, բայց դա շատ ծանր ճանապարհ է, և ես ասում եմ՝ դա խոսքի ազատության սահմանափակման նաև եզրին է այսօր: Դրա համար եմ ասում՝ նոր օրենքում, օրինագծում մենք պետք է գտնենք այդ բալանսը՝ խոսքի ազատության և մարդկանց օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու միջոցը», - ասաց ՀՌԱՀ նախագահը:

Բաբաջանյանն էլ հիշեց մի դեպք, երբ եթերում բանախոսն անակնկալի է բերել հեռուսաընկերության տնօրինությանը՝ խոսելով վիրուսի չգոյության մասին։ Հեռուստաընկերությունը հեռացրել էր այդ նյութը։

«Չենք կարող թույլ տալ, որ հեռուստաընկերությունը դիտավորությամբ այդպիսի հյուրերի կանչի», - ըստ պատգամավորի, հատկապես համավարակի պայմաններում դա անթույլատրելի է։

«Հանձնարարական է, որ նաև գուցե ձեր տիրույթում է, որպեսզի քանի որ դուք մոնիտորինգ եք իրականացնում, սա կարողանաք ուղղակի ձեր ուշադրության տակ պահել», - ասաց Բաբաջանյանը:

Տիգրան Հակոբյանն էլ արձագանքեց. «Մեր տիրույթում չի, որովհետև արտակարգ դրության ժամանակ այդ սահմանափակումները սահմանում է ՀՀ կառավարությունը, պարետատունը: Հիշում եք այդ սահմանափակումները, երբ որ եղան մամուլի, հետո հանվեցի Ազգային ժողովի կողմից, ամենազարմանալին այն էր, որ պարետատունն այդ պարտավորությունները դրեց ոստիկանության վրա և բնական է՝ այդտեղից որևէ բան դուրս չեկավ, և եթե պարետատունը երկու ամիս է արդեն չի դիտարկում հանձնաժողովին որպես ռադիոհեռուստաընկերությունների հետ աշխատող մարմին կարգավորող, մենք որևէ բան անելիք չունենք»:

«Իմ քայլից» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ այսօր կան ԶԼՄ-ներ, որոնք կոնկրետ շրջանակի շահեր են սպասարկում։ Նոր օրենսդրական փոփոխությունների շնորհիվ թերևս հնարավոր կլինի ֆինանսապես թափանցիկ դարձնել լրատվամիջոցները և քաղաքացին իմանա, թե ինչ շահեր է հետապնդում այս կամ այն հեռուստաընկերությունը։

«Այո, ձեր վերջին հանգրվաններից մեկը չորրորդ իշխանություն է, որովհետև մեդիակայսրություններ ստեղծելով, այժմ դուք դրանք բավարարում եք ձեր խոհանոցային արկածները լուսաբանելով: Մենք պետք է հասկանանք, որ տեղեկատվական պատերազմում, այո, հեռուստատեսությունը, ռադիոն, մեդիան հզոր գործիք է, և այսօր ցավոք սրտի, այդ գործիքը որպես զենք բանեցվում է սեփական ժողովրդի դեմ՝ որոշ քաղաքական ուժերի որոնք կորցրել են իշխանությունը», - ասաց Բաղդասարյանը:

Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակարգի հիմքերից մեկն է, սակայն իշխանական պատգամավորների գնահատականով՝ այս գործիքը հատկապես վերջին շրջանում օգտագործվում է ժողովրդավարական գործընթացը վիժեցնելու նպատակով։ Այս մասին իրենց ելույթներում ընդգծում էին «Իմ քայլի» պատգամավորները՝ հավելելով՝ «դեմ ենք սահմանափակումներին, բայց լրատվական աղբը մաքրել է պետք»։