ՀՔԾ. Կարապետ Գուլոյանը և կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան փոխհատուցել են պետությանը պատճառած վնասը

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որ 2014թ.-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 295 միլիոն 470 հազար դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը, և այն ձևական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712 հազար 400 դրամով:

Ըստ մեղադրանքի` այս հողատարածքը կառավարության որոշմամբ փոխանցվել է Աբովյան համայնքին` որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածք, որի 1 հեկտարի կադաստրային արժեքը 2014 թվականին կազմել է 29 միլիոն 400 հազար դրամ: Այդ ժամանակահատվածում Դերենիկ Գևորգյանը տվյալ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումի և հողամասի նպատակային նշանակության փոփոխության համապատասխան ընթացակարգերի, ինչպես նաև դրական եզրակացության բացակայության պայմաններում հանձնարարել է կադաստրային քարտեզում վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակությունից փոխել «գյուղատնտեսականի»: Այսինքն` նա, ըստ ՀՔԾ-ի, կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից:

Այնուհետև Կարապետ Գուլոյանի առաջարկով Աբովյանի քաղաքային համայնքի կողմից որոշում է կայացվել վերը նշված հողատարածքը աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 67 հազար 500 դրամով` 29 միլիոն 400 հազար դրամի փոխարեն: Աճուրդի կայացման համար անհրաժեշտ մեկից ավելի մասնակիցների մասնակցությունն ապահովելու նպատակով ձևակերպվել է երկրորդ մասնակցի տվյալներով աճուրդի կեղծ հայտ և կատարվել մասնակցության համար ձևական վճարումներ: Դրանից հետո Կարապետ Գուլոյանը, իր համար նախընտրելի մասնակցին աճուրդում հաղթող ճանաչելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական լիազորություններն օգտագործելով համայնքի շահերին հակառակ, երկրորդ մասնակցի անվամբ աճուրդի կեղծ հայտ ձևակերպելու, սակայն աճուրդին փաստացի մեկ մասնակցի մասնակցության պայմաններում աճուրդը համարել է կայացած, որի վերաբերյալ հաստատել է համապատասխան արձանագրություն: Այդ հիմքով 2014 թվականի հուլիսի 21-ին 295 միլիոն 470 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող վերը նշված հողատարածքն ընդամենը 712 հազար 400 դրամով օտարվել է, փաստորեն, ձևական աճուրդում հաղթող ճանաչված ընկերությանը:

Նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և Աբովյան համայնքի օրինական շահերին, այդ թվում` անհարկի միջամտությամբ ձևափոխվել է Աբովյան համայնքի հողերի օգտագործման սխեման և հողային հաշվեկշիռը, իսկ հողի նպատակային նշանակությունն անհիմն փոփոխելու պատճառով իրականում բարձր արժեք ունեցող հողատարածքը փաստացի մեկ մասնակից ունեցող ձևական աճուրդի միջոցով օտարվել է որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 294 միլիոն 757 հազար 600 դրամի գույքային վնաս:

Դերենիկ Գևորգյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Կարապետ Գուլոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Հանցագործությամբ պատճառված շուրջ 295 միլիոն դրամի գույքային վնասը մեղադրյալներ Դերենիկ Գևորգյանի և Կարապետ Գուլոյանի կողմից այսօր ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

Նախաքննությունը շարունակվում է: