Վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո:
«Պետք է արձանագրեմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված: Մենք երեկ ասացինք, որ մեր մեծագույն խնդիրն այս պահին տեսնում ենք դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումը և այսօր այդ առիթով կայացրել ենք որոշումներ: Որոշումն այն մասին է, որ վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը, խոսքը անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց՝ այս որոշումը կայացվել է, քանի որ շատ դեպքերում, երբ դիմակը կրելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում և քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը տուժում է:
«Այս պարագայում անձնագիր չկրելը և դիմակի կրման կանոնները խախտելը կլինեն որպես առանձին իրավախախտումներ և յուրաքանչյուրը առանձին-առանձին կենթարկվի տուգանքի», - ասաց կառավարության ղեկավարը՝ շարունակելով. «Մենք մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման կարգապահության վերաբերյալ: Մինչև հիմա ըստ էության ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով կշարունակի ոստիկանությունը իրականացնել, բայց որպեսզի ոստիկանական ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նաև պետական կառավարման այլ մարմիններից կուղեկցեն և ամեն կարգախմբում կլինի ոստիկան ու այլ պետական մարմնի ներկայացուցիչ»:
Հիշեցնենք՝ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 425-ով՝ հասնելով 17 հազար 489-ի: Մինչ այս պահը ապաքինվել է 6 հազար 571 քաղաքացի, մահացել՝ 293-ը: