Թբիլիսիում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ Պուտինին վիրավորած լրագրողի սպանությունը պլանավորելու կասկածանքով

Պուտինին վիրավորած լրագրող Գեորգի Գաբունիա, արխիվ

Վրաստանի հատուկ ծառայությունները Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացի են ձերբակալել, ով պլանավորում էր սպանել լրագրող Գեորգի Գաբունիային։ Այս մասին հայտնել է «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, որտեղ աշխատում է լրագրողը։

Մեկ տարի առաջ Գաբունիան իր նախկին աշխատավայրում՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում վիրավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ըստ հաղորդագրությունների, ձերբակալվածը Ինգուշեթիայի բնակիչ 38-ամյա Վասամբեկ Բոկովն է։

Գեորգի Գաբունիան ասել է, թե սպասում է կառավարության պաշտոնական մեկնաբանությանը։