ԱԺ-ում այս պահին ընթանում է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու քվեարկությունը

Ավելի վաղ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել էր իր միջնորդությունը. – «Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և նրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպեսզի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38, 154.2 հոդվածի երկրորդ մասով»:

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել նաև համաձայնություն տալ Ծառուկյանին ազատությունից զրկելուն:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, երկու որոշումներն էլ ընդունվում են ձայների մեծամասնությամբ, եթե գաղտնի քվեարկությանը մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Քվեարկությանը չմասնակցելու որոշումներ են կայացրել ինչպես Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: