Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսով վարակված անձանց բնակության մոտավոր հասցեներ է հրապարակում՝ նշելով փողոցը կամ թաղամասը։
Արդեն երկու օր շարունակվող ակցիան, ըստ նախարարի, նպատակ ունի զգոնացնել քաղաքացիներին, որպեսզի նրանք ևս մեկ անգամ մտածեն՝ արժե արդյոք շփվել հարևանների հետ առանց դիմակի կամ բակում ժամանակ անցկացնել, թե ոչ։
Թորոսյանի հրապարակած հասցեներից մեկը Նորք Մարաշում է, ըստ նախարարի, այս համայնքում կորոնավիրուսի արձանագրված դեպքերը բավականին շատ են։ Հայաստանում վարակի ընդհանուր վիճակագրությունը ևս նվազման միտումներ չունի արդեն շաբաթներ շարունակ։
Նախարարի հրապարակած հասցեներից մեկում այսօր զբոսնողներ չկային: Նորքում մի տարեց տղամարդու հանդիպեցինք, որը տեղյակ էր իր հարևանությամբ հաստատված դեպքերի մասին, սակայն նախարարի հրապարակումից չէր իմացել։ Ասաց՝ հիմա շատ ավելի զգույշ է։
«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, որ անպայման պաշտպանվեն՝ այս վիճակից դուրս գալու համար: Աշխատում եմ շփումներ չունենալ», - ասաց նա:
Նախարարի հրապարակումն էր պատճառը, թե աշխատանքային երկուշաբթին, այս փողոցում այլ քաղաքացիների չհանդիպեցինք:
Զուգահեռ փողոցում «Ազատության» հարցերին պատասխանած մարդիկ իրենց թաղամասի բազմաթիվ դեպքերի մասին չէին լսել։ 80-ամյա մի տղամարդ վստահեցրեց անկախ այս նորությունից զգուշավորություն է դրսևորում, բայց ասում է՝ շատ է ներս ու դուրս անում, քանի որ բնույթով ակտիվ մարդ է:
Կանգառում ավտոբուսի սպասող տղամարդկանցից մեկն էլ ասաց՝ տեղյակ է իրենց թաղամասի դեպքերից, ինքն էլ է կորոնավիրուսով վարակված եղել, բայց արդեն ապաքինվել է. «Շատ հեշտ եմ տարել»:
Թաղամասում գործող խանութում առևտուր արած մի քաղաքացի էլ պնդեց, որ զգույշ է, քանի որ ծերանոցում է աշխատում, սակայն պաշտպանիչ դիմակը սխալ էր կրել։
Արսեն Թորոսյանի հրապարակած հասցեներից մեկն էլ Երևանի Ավան վարչական շրջանում էր, այստեղ էլ «Ազատության» զրուցակիցների մեծամասնությունը առողջապահության նախարարի կազմակերպած ակցիայից տեղյակ չէր։
Քաղաքացիներից մեկը տեղյակ էր իրենց թաղամասում կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասին, նա էլ հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ Հայաստանում դեռ վարակի առաջին դեպքերն էին արձանագրվում, նախարար Թորոսյանն ասում էր, որ հենց այնպես փողոցում դիմակ կրել պետք չէ: Կնոջ կարծիքով՝ շատերը կորոնավիրուսին չեն հավատում հենց Թորոսյանի՝ նախկինում արած հայտարարությունների պատճառով։ Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, երբ գիտական տվյալները և որոշ երկրների հաջող փորձը սկսեցին վկայել դիմակների արդյունավետության մասին, Թորոսյանն, ինքը սկսեց հորդորել ամենուր դիմակներ կրել։
Մեր զրուցակիցներից մեկի հարևանն է վարակված եղել, տարեց կինն ասաց՝ այդ մասին իմանալուց հետո շատ ավելի զգոն է:
Թաղամասի այգում զբոսնող տարեց տղամարդկանցից մեկը չգիտեր, որ հարևանությամբ վարակվածներ կան, դիմակը դնելը շատ հակիրճ բացատրեց: «Հա, դնում եմ [դիմակը], դե ուզում եմ ապրեմ էլի», - ասաց տարեցը:
Նույն այգում հանգիստը վայելող մի տղամարդ էլ վստահեցրեց՝ ընդհանրապես հարևանների հետ չի շփվում. «Վափշե չեմ շփվում էս վերջերս, առաջ գոնե մեկ-մեկ կոֆե էին տալիս»: