Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ պատգամավորներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն այսօր հանդիպել են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, Ծառուկյանը «շատ լավ և ուժեղ տրամադրություն է ունեցել»։

Թե ի՞նչ հարցեր են քննարկել, Աբովյանը չցանկացավ փակագծեր բացել։ Խմբակցության քարտուղարը նաև վստահեցրեց, թե տեղյակ չէ՝ ԲՀԿ ղեկավարը կրկին կանչվե՞լ է ԱԱԾ հարցաքննության, թե ոչ։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը նույնպես տեղեկություններ ունի՞, որ երեքշաբթի օրը գլխավոր դատախազը միջնորդելու է խորհրդարանին՝ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, Աբովյանն ասաց, թե այդ տեղեկության հետ կապված պետք է կապ հաստատել Նաիրա Զոհրաբյանի հետ։

Ի դեպ մամուլը գրել էր, որ ԲՀԿ-ն այսօր խորհրդարանի արտահերթ նիստը բոյկոտելու որոշում է կայացրել, սակայն խմբակցության քարտուղարն ասաց, թե պաշտոնապես նման որոշում չունեն, ով ուզի՝ կարող է մասնակցել: