«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում շարունակում է պնդել, որ իրենց կուսակցության առաջնորդի և իրենց նկատմամբ քաղաքական ճնշումներ են իրականացվում, իրենց փորձում են լռեցնել:
Դիտարկմանը, որ ԱԱԾ-ի հաղորդում է, որ երկար հետաքննություն է ընթացել, ոչ թե հենց այսօր է պարզվել հայտարարության մեջ նշված ապօրինությունների մասին, պատգամավորն արձագանքեց.- «Կարող եմ ասել, որ սա բացահայտ ստերի շարքից է: Թուղթն էլ իրենց ձեռքը, գրիչն էլ, ինչ ուզեն, կնկարեն, բա ինչո՞ւ մինչև էտ չէին խոսում, շատ սենց հաճոյանում էին, հուշագիր էին ստորագրում: Մենք պայքարելու ենք բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով, որ կանգնացնենք այս լկտիության տարափը, որ տեսնում ենք երկար ժամանակ»:
Հարցին, թե այսինքն` պնդում է, հավատում է, որ ԱԱԾ-ն «գործ է՞ սարքել» Ծառուկյանի վրա, Արման Աբովյանը պատասխանեց.- «Այո, Ազգային անվտանգության ծառայությունը գործ սարքելու, մենք ինչպես ականատես եղանք, նույնիսկ նորմալ գործ չկարողացան սարքել: Մի 2-3 ժամում իրենց հրապարակված փաստաթղթի կեղծությունը միանգամից բացահայտվեց»:
Ըստ նրա` ԱԱԾ-ն զբաղված է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործունեությամբ:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, թե ծանոթ չէ ԱԱԾ-ի ներկայացրած քրեական գործի մանրամասներին:
ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` ԱԱԾ-ի դիմաց հանրահավաքը ինքնաբուխ է եղել, հերքեց շրջանառվող տեղեկությունը, թե իրենք են հորդորել այդ մարդկանց հավաքվել.- «Հավաքը մենք չենք կազմակերպել, մենք բնավ չենք կազմակերպել, ստում են, լկտիավարի ստում են»:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանն էին, խուզարկություն էին իրականացնում, դրան զուգահեռ էլ առանձնատան մոտակայքում Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիներն էին հավաքվել։ Տարածքում նաև ոստիկանական ուժեր էին կենտրոնացել։ Որ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության, ինքը՝ ԲՀԿ ղեկավարն անձամբ հայտարարեց։ ԱԱԾ-ի գործողությունները պատգամավորը «քաղաքական հետապնդում» որակեց։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին առնչվող 3 տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց։ Քրեական գործերից առաջինը Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ է։ Ըստ ԱԱԾ-ի՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29 միլիարդ դրամի կամ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ, չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։
Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ էլ երկրորդ քրեական գործի մասին տեղեկացրեց: Սա արդեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերին է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված է եղել ԲՀԿ-ական ղեկավար կազմն ու կուսակցության անդամները:
Ավելի ուշ Ծառուկյանը ուղևորվեց Ազգային ավտանգության ծառայություն հարցաքննության, ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիներն էլ տեղափոխվեցին ԱԱԾ շենքի առջև:
3-րդ քրեական գործի մասին հաղորդագրությունը տարածվեց, երբ Ծառուկյանն արդեն ԱԱԾ-ում էր։ Ըստ դրա` Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը։ ԱԱԾ-ից հայտնում են՝ ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել ավելի քան 370 միլիոն դրամ։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.