Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց այս պահին հավաքված են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք ներկայանում են որպես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներ:
Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության:
ԱԱԾ դիմած հավաքված ԲՀԿ-ական պատգամավորները, մասնավորապես Շաքե Իսայանը հայտարարեց, որ իրենք ներքին տեղեկություններ ունեն, որ Գագիկ Ծառուկյանին այսօր ձերբակալելու են, իսկ վաղը ԱԺ-ում նրան անձեռնխմելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվելու, սակայն թե ինչ աղբյուրներից այդ տեղեկությունը, նրանց չմանրամասնեցին: ԲՀԿ-ականները շարունակում են պնդել, թե սա քաղաքական հետապնդում է: «Մենք չենք բացառում, որ հենց վաղն առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել և պարոն Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը քննվել»,- ասաց Շաքե Իսայանը:
Պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս չբացառեց սրա հավանականությունը:
Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը 2 հաղորդագրությամբ է հանդես եկել` տեղեկացնելով Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության մասին: Համաձայն այդ հաղորդագրության` այդ ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Մյուս հաղորդագրությամբ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր:
Ոստիկաններն անընդհատ հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն, սակայն ընթացքում բախումներ էլ են տեղի ունենում, արդյունքում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներ: Ոստիկանությունը տեղում լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել: