Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեցին խմբակցության պատգամավորները:
Նաիրա Զոհրաբյանը նշեց. - «Որքան մեզ հասած տեղեկություններով, ասեմ, զավեշտը պատկերացրեք, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ունեցել ենք Մարտունիում, Վազգեն եմ հիշում անունը, պատգամավորության թեկնածու առաջադրված մեծամասնականով, իբր այդ թեկնածուի հետ ֆինանսական ինչ-որ խնդիրներ ունենալու համար, չգիտեմ գումար է տվել, ինչ է արել, խուզարկություն իրականացնողները չկարողացան ասել` ինչի մասին է խոսքը: Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում, մեր բազմաթիվ կուսակիցների, համախոհների բնակարաններում այս պահին գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ: Այս իշխանությունն ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծություն»:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենցից ոչ ոք ձերբակալվելուց չի վախենում:
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ պնդեց, որ սա քաղաքական հետապնդում է: