Տնտեսվարողների նկատմամբ տուգանքները պետք է խստացնել. Գեորգի Ավետիսյան

«Տնտեսվարողները երբեմն ստում են, թե իրենց սրահներում նախատեսված է իրականացնել հարսանիք, ծնունդ, կամ կնունք», - ասում է սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։ Նա առաջարկել պարետատանը, որ այդպիսի սրահների աշխատանքը 72 ժամով կասեցնելուց բացի, նաև ֆինանսական կոշտ տույժեր սահմանել։

Բազմամարդ միջոցառումների արգելքից հետո, տեսչությունը երկրում մոտ 1 տասնյակ՝ 60-ից մինչև 100 և ավելի մասնակիցներով խնջույքներ է կասեցրել, երբեմն հե՛նց միջոցառման ժամանակ են մտել սրահ։

«Կլինեն հարսանեկան դահլիճներ, որոնք միայն դրանով են զբաղվում, առօրյա ռեստորանային սերվիզ չեն մատուցում, դրա համար, իրենց համար կարող է ցավալի չլինի, եթե 72 ժամով մենք կասեցնենք իրենց գործունեությունը», - ասաց Գեորգի Ավետիսյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցներն այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էին շրջայցի դուրս եկել։ Կաթնամթերքի «Թամարա» գործարանում մի շարք խախտումներ արձանագրեցին, դրանք կուղարկվեն պարետատուն, կտուգանվեն, թե ոչ՝ կորոշեն այնտեղ։

«Թամարա» գործարանի լաբորատրիայի վարիչ Սուսաննա Հարությունյանն առարկություններ ունի. «Դրանք ես համարում եմ անիմաստ, հաշվենք 200 հոգանոց կոլեկտիվ է, ո՞նց եմ լրացնելու ամեն մեկի համար»:

Աբովյանում գործող հացի փռերից մեկում նույնպես խախտումներ արձանագրվեցին։ Սննդամթերքի անվտանգության տեսչության ներկայացուցչի կազմած արձանագրությունից հետո փռի տնօրեն Սամվել Հարությունյանն ասաց՝ կշտկի դրանք, ուղղակի պարետատան ոչ բոլոր պահանջներից էր տեղյակ:

«Արձանագրեցինք, որ աշխատակիցների գրանցման ջերմաչափումը վարվում է, սակայն թերի է վարվում, պարետատան որոշումով չի պահպանվում, և արտադրամասում աշխատակիցների համար նախատեսված փակ կափարիչով աղբամանները՝ դիմակ, ձեռնոցների համար թերի էին, բայց իրենք տեղյակ չէին, որ ամեն երկու աշխատողին մեկն է հասնում», - ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչության ներկայացուցիչը:

Աբովյանի կենտրոնական փողոցներում և շուկայում նկատեցինք մարդկանց, որոնք մեր տեսախցիկը տեսնելուց հետո էին միայն դիմակ կրում:

Քաղաքում պարբերաբար շրջող ոստիկանական մեքենաներից հնչում էր երեկ Ազգային ժողովում 10 րոպե շարունակ դիմակ կրելու կոչ անող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնը: