Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լանզարոտի կոնվենցիային և դրա կիրառմանը վերաբերող հարցերի շուրջ:
Արմեն Սարգսյանն ասել է, որ կոնվենցիային միացած պետություններից յուրաքանչյուրն ինքն է որոշելու և ընդունելու, ստեղծելու այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց արժեքներին, ըմբռնումներին, մշակույթին և ընտանիքի, ծնողի, երեխայի մասին իրենց պատկերացումներին:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ավելի ծավալուն և կարևոր աշխատանքը սկսվում է կոնվենցիայի վավերացումից հետո.- «Կոնվենցիայի հետ կապված անհանգստությունը միայն հայկական ֆենոմեն չէ: Եվրոպական երկրներում ևս կոնվենցիայի նկատմամբ մարդիկ ունեն շատ զգույշ վերաբերմունք, և յուրաքանչյուր ընտանիք, ելնելով նաև իրենց մշակույթից և պատմությունից, շատ զգույշ է, երբ խոսքը վերաբերում է երեխաներին»:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունների շրջանակը, իրենց գաղափարներն ու առաջարկությունները` կարևորելով հասարակական ու մասնագիտական շրջանակների մասնակցությունը և վերահսկիչ դերը հետագա փաստաթղթերի և մեխանիզմների մշակման գործընթացում: