«Եկա, տեսա տունը և խոհանոցը ջրի մեջ կորած են». Երևանի Սարմենի փողոցի մի մասում իսկական ջրհեղեղ էր

Տասնյակ սանտիմետրերով լցված, պատերից մեծ թափով ժայթքող ջուր մարդկանց տներում. Երևանի Սարմենի փողոցի մի մասում այսօր իսկական ջրհեղեղ էր:

Անդադար հոսող ջրի պատճառը սեփական տներից վերև գործող ջրատարի վթարն էր։ Թաղամասի բնակիչները վաղ առավոտյան էին նկատել, որ իրենց սենյակներ ջուր է լցվում:

«Ժամը 7-ից, 8-ից ես մտա բաղնիք, տեսնում եմ, որ պատերի միջից ջուր է ցայտում, ապշեցի, չհասկացա՝ ինչ է և ձայն լսեցի, եկա այստեղ, տեսա այս վիճակը՝ տունը և խոհանոցը ջրի մեջ կորած են», - ասաց բնակիչներից մեկը:

Սյուզան Սիմոնյանի հարևանները օգնել են խողովակներով հեռացնել ջուրը սենյակից, սակայն ջրի հոսքը ոչ մի կերպ չէր դադարում: Կինն այս թաղամասում ապրում է արդեն 5 տարի, մինչ այս, նրա խոսքով, նմանատիպ անախորժություն չէր եղել:

«Հարցն այստեղ այն է, որ ԱԻՆ-ը անմիջապես արձագանքեց, եկավ, բայց ոչինչ չեն կարողանում անել, որովհետև «Վեոլիա ջուր»-ը պետք է կարողանա», - նշեց նա:

«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները կեսօրին սկսեցին աշխատել վթարը վերացնելու ուղղությամբ, սակայն «Ազատության» նկարահանումների ընթացքում այդպես էլ արդյունքի չհասան, ջուրը շարունակում էր մեծ թափով հոսել ներքև, բնակիչներն իրենք փորձեցին լուծում գտնել:

Բնակիչների պնդմամբ, եթե «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ավելի շուտ գային, հնարավոր կլիներ խուսափել այս իրավիճակից:

Ժամը 16-ի դրությամբ ընկերության աշխատակիցներին հաջողվել է փակել վնասված խողովակը, սակայն թաղամասի բնակիչները հայտնեցին, որ ջրի հոսքն իրենց տներ չի դադարել։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատությանը» հայտնեց, որ վթարի վայր են մեկնել նաև քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակիցները՝ օգնելու այնտեղ աշխատողներին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ավելի ուշ պարզաբանում տարածեց, որ մասնագետները արձագանքել են պատահարին՝ ըստ կանչերի առաջնայնության։

«Վթարը վերացնելու համար 9։30-ից իրականացվել է մասնակի ջրազրկում, քանի որ տվյալ հատվածում ջրի ճնշումը շատ բարձր է։ Ջրի ճնշումը թուլացվել է 3 ժամում, և վթարը կարճ ժամանակում վերացվել է։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրավիրված ապահովագրության մասնագետները գնահատում են բնակիչների վնասի չափը՝ փոխհատուցում իրականացնելու նպատակով», - հայտնում է ընկերությունը։

Հաղորդագրության համաձայն, Անտառային փողոցը ներառված է 2020-ի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի մեջ՝ համաձայն որի փողոցի ջրագծերը վերակառուցվելու են, իսկ բաժանորդների ջրաչափական հանգույցները տեղափոխվելու սահմանազատման կետեր։