Երևանի Կենտրոն, ինչպես նաև մյուս համայնքների մարդաշատ փողոցներում առանց դիմակի մարդկանց այսօր դժվար էր հանդիպել:
Ոմանք, ճիշտ է, տեսախցիկը նկատելուն պես շտապում էին բարձրացնել դիմակները, ծածկել քիթն ու բերանը:
«Հաճույքով չէ, բայց պարտավորություն է, որ պետք է անել», - «Ազատությանն» ասաց մի երիտասարդ կին:
Որոշ երևանցիներ կարծում են, թե դիմակը չի կարող պաշտպանել վարակից. – «Կտորը չի կարող վիրուսից պաշտպանել: Չեմ հավատում, բայց կրում եմ, որ մարդիկ ինձ մատով ցույց չտան»:
«Մոսկվա» կինոթատրոնի մոտ ոստիկանները արձանագրություն կազմեցին և տուգանեցին դիմակ չկրող մի քաղաքացու: Նա «Ազատությանն» ասաց. – «Մարոժնի էինք առել, որ ուտենք: Կերանք, հետո դիմակը չէի դրել: Ես չընդդիմացա, որովհետև իրենք ճիշտ էին»:
Մինչ այս տղամարդուն տուգանում էին, ոչ հեռու կանգնած մեկ այլ տղամարդ տևական ժամանակ այդպես էլ չդրեց դիմակը։ Ոստիկանը ի վերջո մոտեցավ նրան և հավանաբար հետաքրքրվեց, թե ինչու նա դիմակ չէր կրում։ Վերջինս ցույց տվեց ինչ-որ վկայական և առանց տուգանվելու հեռացավ։ Պարետատնից այսօր ևս մեկ անգամ հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ն քաղաքացիներ, որոնք իրավունք ունեն բաց տարածքներում չկրել դիմակ։
«Մինչև 6 տարեկան երեխաները և հեծանիվ քշող կամ փողոցում սպորտային վարժանք անող մարդիկ»,- հայտնեցին մեզ։
Դիմակներ հիմնականում կրում էին նաև Շենգավիթ և Էրեբունի համայնքների գլխավոր փողոցներում, սակայն բոլորովին այլ պատկեր էր բակերում, որտեղ առանց դիմակների մարդիկ հավաքված էին զրուցարանի մոտ: