Գախարիա․ «Տարվա երկրորդ կեսը Վրաստանում բավական ծանր է լինելու»

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, արխիվ

«2020 թվականի երկրորդ կեսը Վրաստանում բավական ծանր է լինելու», - այսօր երկրի կենտրոնում գտնվող Զեմո Նիկոզի գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։

«Չնայած մենք կարողացանք զսպել կորոնավիրուսի համաճարակի տարածումը թե՛ տեմպերի և թե՛ աշխարհագրության առումով, այնուհանդերձ, ռիսկը դեռևս առկա է։ Մենք պետք է այնպիսի ենթակառույցներ ստեղծենք, որոնք հնարավորություն կտան անընդհատ թեստավորումներ իրականացնել, բացահայտել վարակակիրներին», - նշել է Վրաստանի վարչապետը։

Գախարիայի համոզմամբ՝ Վրաստանը պետք է անի առավելագույնը կորոնավիրուսի համաճարակի հնարավոր երկրորդ ալիքին դիմակայելու համար։

«Առողջապահական համակարգը պետք է կարողանա հիվանդներին արագորեն բուժել՝ նրանց արագորեն վերադարձնելով աշխատանքի։ Այս ամենը հարկավոր է անել 4-ից 5 ամսում, քանի որ որևէ մեկը, անգամ գիտության վրա անհամեմատ ավելի մեծ գումարներ ծախսող լուրջ պետությունները այսօր վստահ չեն, արդյո՞ք համաճարակի երկրորդ ալիք լինելու է, թե ոչ», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։