Սիմոնյան. ԲՀԿ-ում էլ կան պատգամավորներ, ովքեր ազատագրման կարիք ունեն, հեղափոխությունն այնտեղ չի հասել

Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանը ողջունում է վերջին օրերի պաշտոնանկությունների` վարչապետի որոշումը, միաժամանակ վստահեցնում` այդ որոշման արդարությունը բոլորի համար շուտով պարզ կլինի: Միաժամանակ ԱԺ փոխխոսնակը կոչ է անում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին չշտապել, ծառայել` ի շահ Հայաստանի: Այս մասին Սիմոնյանը նշեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորման շրջանակներում:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Ծեծկռտուքի գործով նախաքննություն է ընթանում

Իր և «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին Ալեն Սիմոնյանը շատ մանրամասներ չգիտեր, ասաց.- «Ես պատմել եմ այն ամենը, ինչ կա, որևէ ավելացնելու բան չունեմ, նախաքննություն է տեղի ունենում»: Պատգամավորը Դանիելյանի հետ չի առերեսվել, սակայն ցուցմունք է տվել, քննիչի հետ է հանդիպել:

Մաքսանենգության մասով Սիմոնյանն անուն է տալիս

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր այն շրջանառվող լուրերի մասին, որ արդեն 2-րդ ինքնաթիռով է ՀՀ-ից մաքսանենգությամբ ծխախոտ արտահանվում, հարցրեց` ինչպե՞ս կարող էր առանց դրոշմապիտակի սիգարետը լքել Հայաստանի տարածքը:

«Ես անուններ եմ տվել, ասել եմ, թե որ ընկերություններին է պատկանում, ում հետ են կապված այդ ընկերությունները, առաջին ինքնաթիռը նախկին ՊԵԿ ղեկավար Վարդանի (Հարությունյան) հետ է կապվում, մյուսը ռուսական կազմակերպություն է արտահանել: Հայաստանը որպես բացթողնող կողմ իր կողմից որևէ խախտում չի արել, նման քրեական գործի մասին ես տեղյակ չեմ: Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են մեկ մաքսային գոտում, և երրորդ երկիր արտահանելիս ճանապարհին ով ինչ հանցագործություն է կատարել, որտեղ է իջեցրել, դա, կարծում եմ, քաղաքական այրի կողմից մեկնաբանության կարիք չունի, իսկ քաղաքական շահարկումների պատասխանն արդեն տրվել է»:

Հարցին, թե ի՞նչ աղբյուրներից իրեն այդ տեղեկատվությունը, նա ասաց.- «Եթե բացեք, նայեք այդ արտահանող կազմակերպությունների անունները, ովքեր են տնօրենները, կտեսնեք: Հնչեցրել եմ այդ տեղեկատվությունը, որևէ հերքում չի եղել»: Սիմոնյանի խոսքով` իշխանություններին դրանում մեղադրելն ուղղակի աբսուրդություն է:

«Թավիշն այդ առումով ավարտված է, և այդ ամենը դուք կտեսնեք»

Օգտատերերից մյուսն էլ նշել էր, որ խորհրդարանական 2 ուժերը միավորվել են իշխող ուժի դեմ, ապա հարցրե` չե՞ք զգում, որ թավիշն արդեն տեղին չէ, ու ԱԺ-ն պետք է արդեն միջոցներ ձեռնարկի առանց թավիշի, որովհետև հնին արդեն անցում չի լինելու:

«Ես համաձայն եմ օգտատիրողջ պնդման հետ, ինչ վերաբերում է թավիշին, պետք է ասեմ, որ այն ընկալման թավիշը, ինչի մասին խոսքը գնում է, այլևս չկա ու չկա վարչապետի այն հայտարարությունից հետո, որտեղ ասվում է, որ այս ժամանակահատվածը լիովին բավարար էր, որ այն մարդիկ, ովքեր շանս են ունեցել փոխվելու, նոր Հայաստանի կանոնները զգալու... և թավիշն այդ առումով ավարտված է, և այդ ամենը դուք կտեսնեք ու տեսնում եք մեր գործողություններում այս վերջին ժամանակահատվածում, նաև ուղղակի պետք է հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀ իշխանություններն օրենքի շրջանակում գործողություն կատարելուց բացի, այլ տարբերակ չեն տեսնում, որքան էլ մեծ չլինի գայթակղությունը»:

Հիմա պաշտոնանկություններ անելը վտանգավոր չի համարում

Հարցին, թե արդյոք վտանգավոր չէին երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում վերջին պաշտոնանկությունները (ՊԵԿ նախագահ, ԶՈւ ԳՇ պետ, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն), Ալեն Սիմոնյանը պատասխանեց` չի կիսում այդ կարծիքը, հավելեց` շատ բարձր է գնահատում նախկին ղեկավարների աշխատանքը.- «Մենք այդտեղ անելիք ունեինք և ունենք և գնալու ենք առաջ, ողջունում եմ վարչապետի կայացրած որոշումը, վստահեցնում եմ, որ այդ որոշման արդարությունը բոլորի համար շուտով պարզ կլինի»:

ՍԴ ճգնաժամի լուծման հարցն օրակարգում է

Հարցին, թե ե՞րբ երկրում կհաստատվի հեղափոխական դատարան, և ո՞վ է արդարադատությունը լինելու այն դեպքում, եթե լինի հեղաշրջում երկրում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հեղաշրժման փորձ անողները կարժանանան առաջին հերթին ժողովրդի պատասխանին, դա խելագարության կանխավարկածից է: Ինչ վերաբերում է դատական համակարգին, շեշտեց.- «Դատական համակարգի առկա խնդիրը լուծման ճանապարհին է, բավական շատ դատավորներ են փոխվել, նաև միշտ էլ եղել են անկախ դատավորներ:

Ակնհայտ է, որ այդ խնդիրը մեզ համար կարևոր է, և մենք անկախ այս իրավիճակից ամենօրյա ռեժիով զբաղվում ենք և պետք է հասնենք, որ 30 տավա մեջ ապականված այդ ինստիտուտը 1-2 տարվա ընթացքում առանց ցնցումների լուծել դժվար է լինելու, աչքի տեղը ունքն էլ չհանելու տրամաբանությամբ անում ենք հնարավորը»:

Ալեն Սիմոնյանը դիմում է ԲՀԿ-ականներին

Օգտատիրոջ հարցին, թե չի կարծում, որ ԲՀԿ-ում էլ կան բանիմաց պատգամավորներ, Ալեն Սիմոնյանը դրական պատասխանեց, ապա դիմեց գործընկերներին` կոչ անելով չշտապել.- «Չշտապել ու հասկանալ, որ իրենք դեռ կարող են Հայաստանի Հանրապետությունը ծառայել, ՀՀ-ին օգուտ բերել, ես կարծում եմ, որ այնտեղ կան պատգամավորներ, ովքեր ազատագրման կարիք ունեն, և հեղափոխությունը ինչ-որ չափով դեռ չի հասել այնտեղ, կրկին կոչ եմ անում չշտապել, ավելի զուսպ լինել, որովհետև իրենք կարող են ՀՀ-ին ծառայություններ մատուցել, աշխատել` ի բարօրություն մեր երկրի»:

Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց, թե որտեղից իրեն տեղեկություն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախքան իր վերջին հայտնի ելույթը հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ու մյուս ընդդիմադիրների հետ, այդ աղբյուրները չի բացահայտում, ավելին հավելեց` այդ հանդիպումները եղել են ոչ թե մի անգամ, այլ այս ամբողջ ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է համացանցում հայտնված փաստաթղթերին` դատական վճռին կապված Գագիկ Ծառուկյանի հետ, և հարցին, թե այդ վճռում խոսվում է բռնաբարության մասին, ինչպե՞ս կարելի է աշխատել նման գործչի հետ, իշխանական պատգամավորն արձագանքեց, որ ծանոթ չէ հրապարակմանը: «Տեսել եմ այն որոշումը, որը հետևել է 22 տարի անց, ինչ վերաբերում է տեղեկություններին համացանցում, դատավճիռն է հայտնվել համացանցում, և աշխատանքի հետ կապված պարոն Ծառուկյանի ընտրողները պետք է որոշեն` նա պետք է լինի ԱԺ-ում, թե ոչ, դա իմ որոշելիքը չէ: Ինչ վերաբերում է դատավճռին և դրան հետևող այն որոշմանը, որը իբրև այդ դատական վճիռը չեղյալ է համարել, արդարացրել է, և 22 տարի անց` Ռոբերտ Քոչարյանի օրոք, պարզվել է, որ իրականում կապ չի ունեցել, կարծում եմ` դա արդեն ժամանակագրությունն ու ինքնին վճիռն իր մասին խոսում է, վստահ եմ, որ այդ տեղեկության հետ կապված տարբեր կողմերից էլի պարզաբանումներ կլինեն»,- նշեց նա:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի խորհրդարանական նիստերին չներկայանալու մասին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված` Ծառուկյանը խնդրել է ԱԺ նախագահին, որ չմասնակցի նիստերին.- «Ծառուկյանը հեղափոխությունից այս կողմ ամենահաճախ ձևով է գալիս նիստերին, անգամ ելույթ ունեցավ»:

Արթուր Վանեցյանը սխալ արեց. Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն ասաց` ոչ մի երաշխիք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նշանակման հարցում չի եղել.- «Ասել եմ, որ ճանաչում եմ, ռեզյումեն ենք նայել մարդը սխալ որոշում է կայացրել, որ ինքը պետք է զբաղվի քաղաքականությամբ: Թե ինչ «իրավունք» ունի ԱԱԾ տնօրենն զբաղվել քաղաքականությամբ, կամ ինչ է իրեն պետք քաղաքականության մեջ, ինքը հայտնի է միայն այն բանով, որ Ալենն իրեն առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին, և Նիկոլ Փաշինյանն իրեն նշանակել էր ԱԱԾ տնօրեն, քաղաքական առումով թե ինքը ինչով է որոշել, որ պետք է զբաղվել, չգիտեմ, ես իրեն խորհուրդ եմ տալիս, որ դեռ ուշ չէ, ինքը և էլի շատ ու շատ մարդիկ պետք է հասկանան, որ ՀՀ-ում փողով և այլ լծակներով քաղաքականություն չեն խաղում, չի ստացվելու, Արթուր ջան, մի՛ արա:

Այն, ինչ որ արեց պարոն Վանեցյանը, բավականին մեծ ու բավականին վատ սխալ է»:

Չի կարելի մարդկանց աչքը մտցնել սեփական հարստությունը. Սիմոնյանը` Միքայել Մինասյանին

Մեկ այլ հարց հնչեց, թե ինչ տպավորությունն է ունենում Վատիկանում նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութերը դիտելիս: «Ցավում եմ, ինքն այդպես էլ չի հասկանում, թե որտեղ է գտնվում, և ինչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում: Ցավում եմ, որ ինքը չի հասկանում, որ չի կարելի մարդկանց աչքը մտցնել սեփական հարստությունը, չի կարելի մարդկանց աչքը մտցնել սեփական յուրահատուկ լինելը, չի կարելի մարդկանց աչքերի մեջ նայել ու ստել, ժողովուրդ ջան ասել և դիմացինին էշի տեղ դնել: Մի օր թող խոսի իր մասին, թող խոսի օրինակ, չգիտեմ, երբ Օպերային շրջակայքում բետոնապատում կանաչ տարածքը Կարապի լճի կողքը, որպեսզի «Ջազվեն» կառուցեր, ինքը Հասրաթյանին չէր հիշում և չէր սիրում այդ ժամանակ, չգիտեմ, Կարապի լիճը և Երևանը:

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ բազմաթիվ գնումներ ՀՀ-ի համար կատարվում են հենց բյուջե հետ բերված գումարներով.- «Եվ այդ փողերը հետ են բերվելու պետական բյուջե, և մենք շարունակելու ենք պետական բյուջեի ՀՀ-ի համար գնումներ անել:

Քանի՞սն են բանտում, այսօրվա դրությամբ իրենց դատավճռին և դատական նիստերին են սպասում բավականին շատ նախկին պաշտոնյաներ: Իրենց մի մասը, օգտվելով այն բանից, որ իրենք հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, փախել են ՀՀ-ից, միշտ փախած մնալ հնարավոր չէ: Օրինակ` Ռուբեն Հայրապետյանը, որ ելույթ էր ունենում և խոսում էր, որ հենց ոստիկանությունը իրեն հրավիրի, ինքը 2 անգամ արագ կգա, մարդը առողջական պատճառներով լքեց Հայաստանի Հանրապետությունը և այսօր ՀՀ-ում չի, ստորագրություն չհեռանալու մասին դատարանի որոշումով կայացված այդ խափանման միջոցը ընտրվելու հետևանքով մարդիկ օգտվում են դրանից, և երբ մենք հրապարակային ասում ենք, որ պետք չի, դիմադրում ենք, ասում ենք` ինչ խափանման միջոց փոխել և այլն, ասում են` այ, տեսեք, դուք ուզում եք, սա քաղաքական հետապնդում է, ի՞նչ է էլի, մարդը չի փոխչի, հաստատ չի փախչի, բայց բազմաթիվ այդպիսի դեպքեր ենք ունենում «չփախչելու»: Այստեղ նորից գալիս ենք դատական համակարգի պրոբլեմներին»:

«Մենք որևիցե մեկին ատելու առիթ և պատճառ ուղղակի չունենք»

Հաճախ հնչող քննադատությանը, թե համացանցում և ընդհանրապես ատելության խոսքի գեներացման մեղավորները նաև իշխանության ներկայացուցիչներն են, իշխող ուժը, Ազգային ժողովի փոխխոսնակն արձագանքեց. - «Մենք հաղթել ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ միասին, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթել է, մենք սիրում ենք մեր ժողովրդին, մենք սիրում ենք մեր երկիրը, մենք որևիցե մեկին ատելու առիթ և պատճառ ուղղակի չունենք: Ատում են և ատելության խոսք են ասում այն մարդիկ, որոնք ատելի են իրենց շրջապատում, որոնք ատում են իրենց այսօրվա իրավիճակը, որոնք գիտեն, որ իրենց հետ կապված քրեական գործեր են հարուցվում»:

«Մենք ասում ենք, որ մարդիկ, ովքեր թալանել են, մարդիկ, ովքեր հանցագործություն են արել, իրենք պատժվելու են՝ սա ատելության խոսք է՞, թե՞ ոչ: Ասել, որ մարդը, որը որ թալանել է, մարդկանց ճակատագրեր են ոչնչացրել, մարդկանց քշել են, ոչնչացրել են ու մարդ են կերել, էդ մարդկանց, ասել, որ էդ մարդկանց օրենքով, չգիտեմ, պատիժ է կրելու, կամ, այո, փռվելու են ասֆալտներին՝ ոստիկանի կողմից, ոչ թե իմ թիկնապահների կամ որևիցե թիկնապահների կողմից, դա ատելության խոսք է՞. ոչ, դա Հայաստանի Հանրապետության իրավունքն է», - պնդեց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ քննադատողները հաճախ մեջբերում են վարչապետի խոսքերը՝ «պատերին ծեփել, ասֆալտին փռել, շնաբարո դուրսպրծուկներ», խորհրդարանի փոխնախագահը պատասխանեց. - «Բա ի՞նչ պիտի անենք հանցագործներին, ես ներողություն եմ խնդրում, բա ի՞նչ պիտի անեն: Պիտի գա ինչ-որ մեկի երեխուն ավտոյի տա գցի, կամ տան մեկի աչքը հանեն, մեկի բիզնեսը խլեն, մենք գնանք ասենք՝ «վայ ինչ լավն ես, վայ ինչ լավն ես, եկեք մի բան անե՞նք»: Բա պիտի ոստիկանը մոտենա, էն մարդուն, ով որ գալիս է և ուրիշի երեխային ավտոյի տակ է գցում կամ բան է խլում, ոչ թե պատերով տա, այլ ուղղակի ամեն հնարավոր բանը օրենքով նախատեսված անի: Այո, պիտի պառկացնի պոլին, ձեռները շղթայի և այ տենց տանի ոստիկանություն, բա ի՞նչ պիտի անի»:

«Բա մեկը հարցնի՝ բա ո՞ւր էիք, էն ժամանակ, էդ հանցագործությունները որ տեղի էր ունենում, բա ո՞ւր էր Աստված, բա ո՞ւր էր էդ բարձր բաները որ հիմա խոսում են, բա ո՞ւր էր ձեր արժեքային համակարգը, որի մասին հիմա խոսում են: Բա ինչի՞ չէին վախենում ոստիկանությունից: Ինչի՞ պիտի վախենային Սերժ Սարգսյանի փեսայից, որը կարող է մտնի Կառավարության որևիցե նիստի և որոշում փոխի», - շեշտեց Ալեն Սիմոնյանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.