«Հակահամաճարակային միջոցառումների որոշակի դրական դինամիկա է արձանագրվում». վարչապետ

Վերջին օրերին արձանագրում ենք, որ հակահամաճարակային միջոցառումների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ դիմակները պետք է կրել որոշակի ժամկետով և դիմակ կրելու կանոնները պետք է պահվեն:

«Մեր խնդիրը ոչ միայն համաճարակային այս իրավիճակը հաղթահարելն է, այլև համաճարակային այս իրավիճակի հաղթահարման պահին Հայաստանի Հանրապետության տնտեսության և սոցիալ-տնտեսական իրավիճակի, և այլ պարամետրերով հնարավորինս առավել լավագույն վիճակում տեսնելն է: Ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսի մեջ, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ, որոնք հույս ունենք, որ մեր այս համաճարակային իրավիճակի հաղթահարման արդյունքում մենք կունենանք՝ հերթ կանգնելու կուլտուրայից սկսած մինչև կարգի, օրենքի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն», - ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց՝ այս պահի դրությամբ երկրում կա 403 ծանր վիճակում գտնվող հիվանդ և 94՝ ծայրահեղ ծանր:

Արսեն Թորոսյանն անդրադառնալով երկրում կորոնավիրուսի թվերին, ասաց, որ Հայաստանում վերջին մեկ օրում հաստատված 195 դեպքը պայմանավորված է նրանով, որ ամենամեծ լաբորատորիան «կանգնած է եղել պրոֆիլակտիկայի»:

«Սա ասում եմ այն բանի համար, որպեսզի մեկ օրվա կամ նույնիսկ մի քանի օրվա թվերով չառաջնորդվենք և զգոնությունը չկորցնենք մի այնպիսի կարևորագույն իրավիճակում, որը բնականաբար երկար է պահպանվելու», - ասաց Թորոսյանը;