Վարչապետը որոշումներ է կայացրել գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին ԶՈւ Գլխավոր շտաբի պետի, գնդապետ Արգիշտի Քյարամյանին՝ ԱԱԾ տնօրենի, իսկ գնդապետ Վահե Ղազարյանին՝ Ոստիկանության պետի պաշտոններում նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:
«Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար», - գրում է վարչապետը:
Ավելի վաղ «Ազատությանը» նախագահի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ պաշտոններից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին։