«Որևէ բովանդակային քննադատություն այդպես էլ չլսեցինք». Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուրբաթ օրը իր կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստում հայտարարեց, թե Կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, «որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով այդ հայտարարությանը, մասնավորապես ասաց. - «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականին» հարցազրույց է տվել «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Իվետա Տոնոյան. – Պարոն Ծառուկյանը որևէ մտահոգություն չունի, և պարոն Ծառուկյանի մտահոգություններով մտահոգվող բոլոր անձանց խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չմտահոգվել:

Կարծում եմ, որ վարչապետի մամուլի խոսնակին ավելի շատ մտահոգվելու տեղիք պետք է տան նույն «Իմ քայլը» խմբակցության բազմաթիվ անդամների հետ կապված սկանդալային և աղմկահարույց պատմությունները, որոնք որ այս պահի դրությամբ շրջանառվում են մամուլում, ինչպես նաև գործադիրի, բազմաթիվ փոխնախարարների կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու հանգամանքը:

Պարոն Ծառուկյանը որևէ դեպքում որևէ մտահոգվելու բան չունի, կրկնում եմ, որովհետև նրա գործունեությունը մշտապես եղել է բաց, թափանցիկ: Բոլոր այն ընկերությունները, որտեղ պարոն Ծառուկյանը ունի բաժնեմասեր, որոնք հանձնված են հավատարմագրային կառավարման, բոլոր այդ ընկերություններում տասնամյակներ շարունակ հարկային մարմինները ստուգումներ են իրականացրել: Այնպես որ, այս մասով որևէ մտահոգվելու բան պարոն Ծառուկյանը չունի, այնպես որ, խորհուրդ եմ տալիս չմտահոգվել այդ մասով:

Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնազավթման, բռնագանձման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, կրկնում եմ արդեն, թարմացնելով մարդկանց հիշողությունը՝ նույն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ էր քվեարկել օրենսդրական այդ նախաձեռնությանը, և այս մասով ևս որևէ մտահոգվելու բան մենք չունենք, պարոն Ծառուկյանը չունի:

Ինչ վերաբերում է տարբեր այլ իշխանության ներկայացուցիչների գրառումներին, հարցազրույցներին և այլն, ես իսկապես շատ ցավում եմ, որ այսօր իշխանության ներկայացուցիչները այնքան ժամանակ ունեն, որ ամբողջ կազմով լծվել էին պարոն Ծառուկյանի հարցազրույցը մեկնաբանելուն և քննադատելուն, ընդ որում, կրկնում եմ՝ որևէ բովանդակային քննադատություն մենք էդպես էլ չլսեցինք, որևէ բովանդակային հակադարձում մենք այդպես էլ չլսեցինք, այլ լսեցինք ընդամենը, այսպես, քաղաքական շանտաժով, ցինիզմով, վիրավորանքներով և մանիպուլյացիաներով համեմված ընդամենը գրառումներ:

Իմ համար շատ ցավալի է, կարծում եմ, որ այս մասին ես դեռևս խոսելու հնարավորություն կունենամ, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներից և պարոն Փաշինյանի հետ սերտ ազգակցական կապ ունեցող պատգամավորը ընդդիմադիր ամենախոշոր խմբակցությանը անվանում է մանր-մունր ուժեր, և այլն, և այլն:

Կարծում եմ, որ, բնականաբար, բոլոր այդ հայտարարություններին մենք թե՛ անդրադառնալու, թե՛ արձագանքելու հնարավորություն դեռևս ունենալու ենք, պարզապես ուզում եմ, որ այդ չհիմնավորված ամբարտավանությունը ոմանց միջից, ուղղակի զուտ հաշվի առնելով նույն հանրապետականների ճակատագիրը, նրանք վերանայեն իրենց պահվածքը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 7-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.