Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 195-ով, բուժվածներինը՝ 85-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք

Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 195-ով՝ հասնելով 13 հազար 325-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 85-ով և հասել 4 հազար 99-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 70 հազար է:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 211-ի, կորոնավիրուսով վարակված ևս 72 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 943 մարդ:

Հիշեցնենք, Առողջապահության նախարարության խոսնակը հաղորդել էր, որ կորոնավիրուսի թեստերի հիմնական ծավալն իրականացնող՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան երեկ չի աշխատել ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով: «Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ», - գրել էր Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում։

Կիրակի օրն իրականացվել է 829 թեստ, իսկ նախօրեին՝ եռակի ավելի: