«Բարգավաճ Հայաստան»-ը չի հստակեցնում՝ արդյոք կուսակցության ղեկավարը իշխանափոխության շարժում սկսելու համար է քաղաքական ուժերի հետ հանդիպումներ նախաձեռնում։
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն արդեն իսկ սկսել է քննարկումները, թե ո՞ր ուժերի կամ գործիչների հետ, հրաժարվեց մանրամասնել։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության աշխատանքը բոլոր ոլորտներում ձախողված համարող Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի երեկվա հրատապ նիստում հայտարարեց՝ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի: Պատրաստակամություն հայտնեց հանդիպել, նրա ձևակերպմամբ, բոլոր առողջ, ժողովրդի կողմից ընդունելի քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղղությունները։
«Պարոն Ծառուկյանի ելույթի հիմքում ընկած է եղել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու ցանկությունը», - ասաց Իվետա Տոնոյանը:
«Ազատություն». - Այդ ելքերը առաջարկելու եք կառավարությա՞նը, թե՞ իշխանափոխության շարժում է սկսվելու:
Տոնոյան. - Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանը շատ հանգամանորեն առաջիկա անելիքներին անդրադառնալու հնարավորություն կունենա և դա կիրականացնի: Այս պահին մեկնարկում է հանդիպումների, քննարկումների փուլ:
«Ազատություն». - Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, կոնկրետ ուժեր, գործիչներ կա՞ն, որոնց հետ ունեք արդեն պայմանավորվածություններ:
Տոնոյան. - Երեկվանից մեկնարկել է շատ ակտիվ հանդիպումների փուլ: Ես այս պահին առանձին անուններ այսօր չեն նշելու: Մեկ բան հստակ է, պարոն Ծառուկյանն էլ նախօրեին հայտարարեց, որ որևէ դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողքին չի լինելու այնպիսի անձ, գործիչ կամ քաղաքական ուժ, որը մերժելի է հասարակության կողմից:
«Ազատություն». - Տիկին Տոնոյան, Հանրապետականը, Ձեր կարծիքով, ո՞ր ուժերին է պատկանում՝ առողջ քաղաքական ուժերի՞ն, թե՞ ոչ:
Տոնոյան. - Մեր անելիքները մենք առաջիկայում շատ ավելի պարզ և հասկանալի կներկայացնենք: Որևէ առանձին քաղաքական ուժի վերաբերյալ գնահատական ես այս պահին չեմ ներկայացնելու, կլինի դա Հանրապետական կուսակցությունը, թե որևէ այլ կուսակցություն կամ քաղաքական գործիչ:
Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ Ազգային ժողովը նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն, այս խոսքերի հեղինակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն այս պահին չկա, բայց նրա երեկվա հայտարարությունների շուրջ, կարծում է, կարելի է քննարկում անցկացնել։
«Ծառուկյանի հետ ունեցել եմ, ունեմ ու շարունակելու եմ ունենալ լավ հարաբերություններ։ Մեր հանդիպումները կրում են պարբերական բնույթ, բայց քաղաքական թեմաներով այս պահին դեռ ոչինչ չենք խոսել», - հայտնել է Վանեցյանը։
Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ պնդեց՝ իրենք էլ այս պահին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման պայմանավորվածություն չունեն, բայց կիսում են երկրում ստեղծված իրավիճակի մասին նրա գնահատականները, հանդիպումների համար էլ բաց են:
«Այո, երկրում կա ստեղծված կառավարման ճգնաժամ և ընդդիմադիր քաղաքական դաշտի կուսակցությունները, մտահոգ քաղաքացիները պետք է ելքեր գտնեն ուժերը համախմբելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար», - ասաց Սաղաթելյանը:
«Ազատության» հարցին՝ իր կարծիքով «Բարգավաճ Հայաստան»-ի հետ բանակցությունների օրակարգը ո՞րը պետք է լինի, իշխանափոխությա՞ն օրակարգի շուրջ պետք է բանակցեն, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Քանի որ չկա այս պահին բանակցություն, չկա ձևավորված օրակարգ, դրա մասին առայժմ վաղ է խոսելը»:
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստան»-ի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Կուսակցության ղեկավարը թե՛ հեռախոսազանգերը, թե՛ նամակներն անպատասխան թողեց, լրագրողներին ուղղված՝ իրեն հանգիստ թոնելու կոչն էլ նախընտրեց Թվիթերում հրապարակել։
Ծառուկյանը երեկ դժգոհել էր կառավարության տնտեսական ու արտաքին քաղաքականությունից, կորոնավիրուսի դեմ պայքարից։ Ծաղկաձորի «Մուլտի ռեստ հաուս»-ի 100 տոկոսի բաժնետիրոջը դեռ մարտի սկզբին նախ կոնտակտավոր անձանց Ծաղկաձորում մեկուսացնելու որոշումը դուր չէր եկել, թե տուրիստները չեղարկում են պատվերները, ապա և պետության կոչը գործատուներին՝ վճարելու կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված քաղաքացիներին։
Երեկվա հանդիպմանը պայքարը ամբողջովին ձախողված համարեց. «Բոլոր երկրներում համաճարակն արդեն մարել է, վերջանում է, իսկ Հայաստանում օր օրի արդեն դառնում է 400, 500, 600, 700: Դա գալիս է անպտուղ, անարդյունք աշխատանքից: Պետք է մարդիկ պատասխան տան դրա համար, մարդկանց մահերի համար, մարդկանց այդ վիրուսը տարածելու համար»:
Ծառուկյանի քննադատությանը վարչապետի մամուլի խոսնակի պատասխանը չուշացավ, թե նա մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
«Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ», - նշել է Գևորգյանը:
Ծառուկյանին արձագանքած իշխանության տարբեր ներկայացուցիչներ ևս կոշտ գնահատականներ հնչեցրին՝ համավարակի ժամանակ քաղաքական ցնցումների յուրաքանչյուր փորձ ընդհուպ որակելով դավաճանություն։
«Վարակված վարչապետի հրաժարականի հարց, այստեղ մեկնաբանության խնդիր կա՞, ես կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է: Տեղի է ունենում մեծ համախմբում նախկին իշխանությունների, նրանց հետ փոխկապակցված ուժերի, նրանց շարքերը համալրած ուժերի միջև: Նրանք ունեն մի պարզ հաշվարկ՝ «կա համաճարակ, եկեք օգտագործենք համաճարակը քաղաքական ոչ ստաբիլություն ստեղծելու և մեր կաշին փրկելու համար»: Այս գործունեությունը, վստահաբան, քաղաքացիների կողմից գնահատվելու է, որովհետև կորոնավիրուսից հետո կյանք կա», - ասաց իշխանական «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը:
Ծառուկյանի խոսնակը ուղղորդված է համարում իշխանականների արձագանքը՝ համեմված քաղաքական շանտաժով։
«Հենց իշխանությունները առանց այն էլ սարսափելի սոցիալական վիճակում գտնվող ազգաբնակչության սոցիալական բեռը էլ ավելի վատթարացրեցին գույքահարկի ավելացման վերաբերյալ իրենց օրենսդրական նախաձեռնություններով: Հենց իշխանությունները խորհրդարանում տապալեցին մեկուսացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրող օրենքի նախագիծը: Այնպես որ, երկիրը պատերազմական իրավիճակում է կորոնավիրուսի դեմ եզրույթն օգտագործելուց առաջ շատ լավ կլիներ, որպեսզի իշխանության ներկայացուցիչները հենց իրենք մտածեին, թե ինչպիսին է եղել իրենց վարքագիծն այդ ժամանակահատվածում», - նշեց Տոնոյանը:
«Շատ կոնկրետ ուժեր, ներառյալ ԲՀԿ-ն, հիմա զբաղված են ոչ պետականամետ գործունեությամբ», - ասաց Ռուբինյանը:
Ի դեպ, Ծառուկյանը երեկ մի քանի տասնյակ կուսակիցների հետ հանդիպմանը առանց դիմակ էր մասնակցում: Դեռ մարտի սկզբին էր համոզված՝ «բարի մարդկանց հիվանդությունը չի կպնում»:
«Որևէ հատուկ նպատակ չի եղել, հրատապ նիստն անցկացվել է անվտանգության բոլոր նորմերի համապատասխանության պայմաններում», - ընդգծեց ԲՀԿ խոսնակը:
«Ազատության» հարցին՝ «Կոնտրոն» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի վերջում երևում է, որ Ծառուկյանը ելույթն ավարտում է և առանց դիմակի մոտենում է կուսակիցներին, ինչպե՞ս է պնդում, որ պահպանվել են բոլոր հակահամաճարակային կանոնները, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Բոլոր պատգամավորները եղել են դիմակներով»: