Ծառուկյանը համալրեց բազմաթիվ տխրահռչակ ընդդիմադիր գործիչների և ուժերի շարքը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե Կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները և պետք է փոխվի:
«Փաստացի հակահամաճարակային պատերազմի ժամանակ ամենաթեժ պահին սկսել է ինչ-որ հրաժարականների, փոփոխությունների թեմա բարձրացնել, և սա կարծում եմ՝ շատ վատ է խոսում այդ շրջանակների մասին, երբ ԲՀԿ-ն վստահաբար երեկ համալրեց այդ շրջանակների շարքը: Սա կարծում եմ՝ ամոթալի իրողություն է, և ես անընդհատ մտածում եմ այս համաճարակի ընթացքում՝ «լավ, եթե այսպես կոչված ընդդիմադիր շրջանակները իրենց հիմա այսպես են պահում, բա եթե Աստված չանի՝ պատերազմ սկսվի, իրական պատերազմի ժամանակ ինչպե՞ս են իրենց պահելու», - ասաց Ռուբինյանը:
Պատգամավորը նշեց, որ սա իրավիճակ է, երբ Հայաստանի քաղաքացիներին սպառնում է կոնկրետ առողջապահական վտանգ, երբ վարչապետն իր ընտանիքով վարակված է կորոնավիրուսով, հանկարծ տարբեր տրամաչափի ընդդիմադիրներ սկսում են ինչ-որ ռադիկալ պահանջներ ներկայացնել:
«Սա բացարձակ զարմանալի չէ, որովհետև արդեն ավանդույթ է դարձել մեր երկրում, որ բոլոր այն գործիչները, որոնց հետ առնչվող քրեական գործեր են լինում մեկ օրում արթնանում են և հիշում են Արցախի հարցը, սկսում են գուժել կործանում:
Ընդհանրապես եկեք հիշենք, էլի, Հանրապետական իշխանության տարիները, երբ որ ամեն երկրորդ ընդդիմադիրը բոլոր պահերին իրեն պահում էր շատ պետականամետ, բայց պարզվում է նրանք պետականամետ չէին, նրանք ավտորիտար իշխանամետ էին, իսկ հիմա, երբ որ չկա ավտորիտար իշխանություն, նրանք ցանկացած պահ, նույնիսկ ցանկացած ճգնաժամ, որը սպառնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այն իրավիճակներում, երբ պետք է համախմբում և պետք է բոլոր ուժերը լարել և ուղղել համաճարակի դեմ պայքարին, զբաղվում են այսպիսի գործունեությամբ», - ասաց իմքայլական պատգամավորը:
Ռուբինյանը վստահեցրեց՝ այս գործունեությունը քաղաքացիների կողմից գնահատվելու է՝ ընդգծելով՝ «մենք ունենք իրավիճակ, երբ շատ կոնկրետ ուժեր, ներառյալ ԲՀԿ-ն, հիմա զբաղված են ոչ պետականամետ գործունեությամբ»:
«Ես չէի առանձնացնի Ծառուկյանին, Ծառուկյանը երեկ իր հայտարարությամբ համալրեց բազմաթիվ տխրահռչակ ընդդիմադիր գործիչների և ուժերի շարքը: Պարոն Ծառուկյանն ինքը ասաց, որ պատրաստ է ցանկացած ուժի և անհատի հետ համագործակցել երկիրը վերահաս կործանումից փրկելու համար: Ավանդույթի ուժով պարզ է՝ ում հետ պետք է համագործակցի: Ընդհանրապես ցանկացած քաղաքականությամբ հետաքրքրվող մարդու համար շատ հեշտ է տեսնել այդ ընդհանուր համատեքստը, որի մեջ գործում են այս ուժերը: Այո, ես կարծում եմ, որ տեղի է ունենում մեծ համախմբում նախկին իշխանությունների, նրանց հետ փոխկապակցված ուժերի, նրանց շարքերը համալրած ուժերի միջև: Նրանք ունեն մի պարզ հաշվարկ՝ «կա համաճարակ, եկեք օգտագործենք համաճարակը քաղաքական ոչ ստաբիլություն ստեղծելու համար և մեր կաշին փրկելու համար», - նշեց Ռուբեն Ռուբինյանը: