ԱՀԿ-ն վերանայել է դիմակներ կրելու կանոնը

ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել է պաշտպանիչ դիմակների կանոնը և հրապարակել է նոր ուղեցույց՝ դիմակներով COVID-19 հիվանդությունից պաշտպանվելու համար։

Միաժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ դիմակներ կրելն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե դրան զուգահեռ մարդիկ հետևեն պաշտպանվելու այլ կանոններին, մասնավորապես, պահպանեն սոցիալական հեռավորությունը և հաճախ լվանան ձեռքերը։

Համաճարակի լայն տարածման վայրերում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ բուժհիմնարկներում բժշկական դիմակներ կրեն ոչ միայն COVID-19-ով հիվանդների հետ աշխատողներն, այլ բոլոր մարդիկ։ «Շրջաններում, որտեղ կա համավարակ, մենք խորհուրդ ենք տալիս, որ դիմակ կրեն քրոնիկ հիվանդություններ ունեցողները, 60 և ավելի բարձր տարիքի մարդիկ այնտեղ, որտեղ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը», - ասել է Գեբրեյեսուսը։

Նրա փոխանցմամբ, ԱՀԿ-ն կառավարություններին կոչ է անում հանրություններին հորդորել դիմակներ կրել այն վայրերում, որտեղ ֆիզիկական հեռավորությունն անհնար է, մասնավորապես, հանրային տրանսպորտում, խանութներում և այլ խիտ միջավայրում։

ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ համավարակը կանխելու լավագույն միջոցն է բացահայտել ախտահարումը, կարանտին իրականացնել, խնամել հիվանդին և պարզել նրա հետ շփումներ ունեցած մարդկանց շրջանակը։