Այսօր մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Այսօր 20-րդ դարի հայ մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:

1903 թվականին Թիֆլիսում ծնված, ապա Մոսկվայում բնակություն հաստատած կոմպոզիտորին բախտ էր վիճակվել ոչ միայն հայտնի դառնալ ողջ աշխարհում, այլև համալրել համաշխարհային դասականների շարքը: Նա հայկական առաջին բալետի, կոնցերտի և առաջին հայկական ֆիլմի երաժշտության հեղինակն է: Հեղինակ է նաև երեք մեծածավալ սիմֆոնիաների, երեք բալետի, երեք կոնցերտների, որոնք հանրահայտ են ողջ աշխարհում և, իհարկե, նաև այլ երաժշտական ստեղծագործությունների:

Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ 2003 թվականին Հայաստանում հիմնադրվեց նրա անունը կրող մինչև 30 տարեկան երաժիշտ կատարողների միջազգային մրցույթը, որը մեկնարկում է ամեն տարի նրա ծննդյան օրը՝ հունիսի 6-ին և անց է կացվում երեք փուլով: Մրցույթը յուրաքանչյուր տարի անց է կացվում կատարողական արվեստի որոշակի ոլորտի ներկայացուցիչների համար:

Այսօր մեկնարկող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները ջութակահարներն են: Միջազգային ժյուրիի նախագահն էլ մեր լավագույն ջութակահարներից Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Կոմիտասի» անվան լարային քառյակի առաջին ջութակ Էդվարդ Թադևոսյանն է: Հենց նրա գլխավորությամբ էլ մեր անվանի արվեստագետները մրցույթի մեկնարկից առաջ, ինչպես յուրաքանչյուր տարի, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Արամ Խաչատրյանի շիրիմին և իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ կոմպոզիտորի հիշատակին:

Կորոնավիրուսի համավարակն այս տարի ստիպել է մրցույթի կազմակերպիչներին այն առցանց անցկացնել:

«Ազատության» հետ հարցազրույցի ընթացքում ժյուրիի նախագահը՝ Էդվարդ Թադևոսյանը նշեց. «20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից ամենահայտնի, հանրահռչակ կոմպոզիտորներից է մեր հայրենակիցը՝ Արամ Խաչատրյանը, որի հետ պատիվ եմ ունեցել անձամբ ծանոթ լինել, շփվել, արտասահմանյան երկրներում կատարել իր հանրահայտ ջութակի կոնցերտը: Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի ամբողջ աշխարհում չմոռանան, հիշեն Արամ Խաչատրյանին ու նրա պայծառ, կենսախինդ երաժշտությունը: Այդ պատճառով մենք շարունակում ենք, չնայած այս դժվար պայմաններին, նրա անունը կրող մրցույթը, 16-րդ մրցույթը արդեն»:

Թադևոսյանը ասաց՝ շատ մեծ է Արամ Խաչատրյանի ազդեցությունը 20-րդ դարի մեր երաժշտական զարգացման վրա:

«Արամ Խաչատրյանն այն կոմպոզիտորներից է, որ լինի դա բալետ, որևէ գործիքի համար գրված կոնցերտ, իսկույն ինտոնացիաներից հասկանում ես, որ նա հայ կոմպոզիտոր է, և որ դա Արամ Խաչատրյանն է», - ընդգծեց մրցույթի ժյուրիի նախագահը: