Կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, հայտարարում է Գագիկ Ծառուկյանը

Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

«Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Իհարկե, մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, և իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես այսօր ինչ ասում եմ, բոլորը հիմնավորված է փաստացի, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։

Հիմնական խնդիրը, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, և դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։ Կարող եք նայել՝ փաստացի ասված է մեկ տարի առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, այլ հիմնական պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, և կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա, կան խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է դրա իրականացմանը։ Ես այն ժամանակ ասել եմ, որ այս կազմով, կառուցվածքով անհնար է այդ սպասումներն իրականացնել, եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են», - ասել է Ծառուկյանը։

Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ Կառավարության քայլերին՝ Գագիկ Ծառուկյանը նաև նշել է, որ Կառավարությունը պարտավոր էր դեռ հունվարից դիմակների, դեղորայքի, թեստերի հարցերը կարգավորել: «Դա անփորձության, անարդյունք աշխատանքի պատճառով է: Բոլոր երկրներում համաճարակը մարել է, իսկ Հայաստանում օր-օրի դառնում է 400, 500, 600, 700: Դա գալիս է անպտուղ, անարդյունք աշխատանքից, որի համար մարդիկ պետք է պատասխան տան», - պնդել է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին՝ նշելով. «Ցանկացած բանակցության հիմքում պետք է լինի համապատասխան միջազգային ճանաչումը, որից հետո համապատասխան կարելի է ցանկացած խնդրի, դա ժամանակային կլինի, հատվածային կլինի, լուծում տալ»:

Տեսանյութը «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի ֆեյսբուքյան էջում հրապարակված է հետևյալ գրառման ներքո. «Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի»: