Վարչապետի խոսնակ. «Պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով»

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային», - հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հակադարձելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, թե Կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները և պետք է փոխվի:

«Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ», - գրել է վարչապետի խոսնակը Ֆեյսբուքում:

Գագիկ Ծառուկյանը իր ղեկավարած կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ հրավիրված նիստում հայտարարել է, մասնավորապես, թե Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը պնդել է, թե «հիմքում պետք է լինի համապատասխան միջազգային ճանաչումը, որից հետո համապատախան կարելի է գտնել ցանկացած լուծում»:

Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին արձագանքել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորներ:

«Ինչո՞վ են զբաղված որոշ շատ կոնկրետ ուժեր։ Սկսել են պահանջել կառավարության փոփոխություն։ Հակահամաճարակային պատերազմի ամենաթեժ պահին, երբ վարակված է նաև վարչապետը՝ կառավարության ու վարչապետի փոփոխություն։ Սկսել են շահարկել Արցախի հարցը՝ առանց ամոթի որևէ նշույլի», - Ֆեյսբուքում գրում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շարունակելով. - «Այսօր, պարզվում է, խոսել է նաև Ծառուկյան Գագիկը։ Նա գուժել է երկրի կործանումը, խոսել է նաև Արցախի մասին և պատրաստակամություն հայտնել երկիրը իշխանություններից փրկելու համար համագործակցել ցանկացած քաղաքական ուժի ու անհատի հետ։

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ։ Կարող եք սպասել մինչև մարտի 1-ն ու նոր համախմբվել, որ ավելի խորհրդանշական լինի»։

«Որպես պատգամավոր՝ բացարձակ զարմացած չեմ, բայց որպես քաղաքացի՝ չեմ թաքցնի, ուղղակի ապշած եմ այս երեսպաշտության մասշտաբներով։

Կորոնավիրուսի համաճարակը մենք, վստահաբար, կհաղթահարենք՝ ի հեճուկս բոլորի, ու դրանից հետո գալու է հիշելու ու վերհիշելու ժամանակը՝ թե ով իրեն ինչպես է պահել պատասխանատու պահին», - գրում է Ռուբինյանը: