Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) վերջին հետազոտությունների համաձայն` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով նկատվող տնտեսական ակտիվության անկումը լուրջ խնդիրներ է ստեղծելու նաև վրացական տնտեսության համար:
Ֆինանսական այս կառույցի կանխատեսումների համաձայն` Վրաստանի տնտեսության ծավալը 2020 թվականին կկրճատվի 4 տոկոսով: Այս մասին, վկայակոչելով հիմնադրամի տրամադրած տվյալները, հայտարարել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը: «2020 և 2021 թվականներին Վրաստանի բյուջեն շուրջ 1.8 միլիարդ դոլար կկորցնի»,- նշել են հիմնադրամի փորձագետները: «Այդ կորուստների զգալի մասը, սակայն, փոխհատուցվելու է միջազգային կառույցների կողմից տրամադրվող ֆինանսական օգնության շնորհիվ»,- նշում են Թբիլիսիում: