Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի վարակակիր աշխատակիցների թիվն ավելացել է 22-ով։ Արդեն կորոնավիրուսի հաստատված 61 դեպք կա։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց՝ այսօր ևս մեծ թվով աշխատողներ թեստավորվել են։ Ենթադրվում է, որ վաղը հաստատված դեպքերի թիվը կավելանա։
Մարզպետը չի բացառում, որ պարետի որոշմամբ ֆաբրիկայի աշխատանքը երեք օրով դադարեցնելու ժամկետները կերկարաձգվեն։ «Դա կախված է վաղվա տվյալներից»,- ասաց նա։ Ընդ որում, ֆաբրիկան աշխատողներ ունի թե՛ Վանաձորից և թե՛ հարակից համայնքներից.- «Այո, ունենք համայնքներ, որտեղ չէին արձանագրվել մինչ այս պահը դեպքեր, բայց արդեն այսօրվա դրությամբ ունենք: Սա արդեն իրական վտանգ է ներկայացնում վիրուսի տարածումն անկառավարելի դարձնելու առումով»:
Այսօր Լոռու մարզպետն ու ոստիկանության պաշտոնյաները դուրս էին եկել Վանաձորի փողոցներ շրջայցի՝ հետևելու՝ քաղաքացիներն ու տնտեսվարողները որքանով են պահպանում նաև բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու և առևտրի կետերում ու բանկերում ֆիզիկական հեռավորություն պահելու պահանջները։
Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն «Ազատությանն» ասաց՝ զգալի փոփոխություն կա նախկին օրերի համեմատ.- «Հուսով ենք, որ այս համավարակի դեմ միահամուռ ուժերով կպայքարենք և պատվով դուրս կգանք: Ինչքան հնարավոր է եղել, պայքարել ենք, մեր ուժերի ներածին չափով պայքարել ենք»: Հարցին` ինչո՞ւ է հիմա հնարավոր այս միջոցները կիրառել, իսկ մի քանի օր առաջ` ոչ, նա պատասխանեց.- «Հիմա պատասխանատվությունը բարձրացել է մարդկանց մոտ: Հիմա արդեն գիտակցեցին, որ դրությունն ավելի լուրջ է, ավելի շատ են հետներս համագործակցում, դրա համար արդյունքներն ավելի երևացող են»:
Փողոցներում այսօր քաղաքացիները դիմակներ հիմնականում կրում էին, բայց շատերը դրանք պահում էին ծնոտից ներքև կամ միայն բերանի վրա.- «Ստի վիրուս մարդ չկա, ոչինչ»:
«Կդնեմ», «Կդզեմ էսա», «Ազատության» դիտարկմանը, թե սխալ են դրել դիմակները, արձագանքում էին անցորդները:
«Չեմ կարծում, թե սա օգնում է, մարդիկ էլ չեն հետևում, ավելի շատ ձևական բնույթ ունի»,- ասում է քաղաքացիներից մեկը: Մյուսի խոսքով.- «Ըստ իս` միանգամից որ բոլորը կարանտինը պահեն, ավելի ճիշտ կլինի, քան սենց շփումը, հնարավոր չի շփման դեպքում չվարակվելը, ինչքան էլ պահենք հիգիենան, հնարավոր չի»:
Այսօր Վանաձորի բոլոր բանկերը հատուկ գծանշումներ ունեին՝ նախատեսված հաճախորդների համար։ Մուտքի մոտ հսկող ոստիկանները հետևում էին, որ իրենց հերթին սպասող քաղաքացիները միմյանցից հեռու կանգնեն։ Նախկինում կուտակումների պայմաններում բանկեր այցելած հաճախորդներն այսօր գոհ էին խստացված վերահսկողությունից։ Պետք է ավելի շուտ արվեր, ասում էին.- «Ավելի լավ է` ոստիկանը կողքս լինի, որ էն մի կողքի մարդը չգա, ինձ համ վնասի, համ վարակի, համ էլ տարածությունները պաշտպանվի: Սա շատ լավ բան ա: Ես կարամ տիրապետեմ, բայց բոլորը ոչ»:
«Անպայման պիտի միլիցեն կանգնի, որ հասկանան, որ հեռու տեն կանգնի, պետք ա իրանք զգան, որ հեռու պիտի կանգնեն: Մեր հայերի մեջ չգիտեմ` ինչ ա կատարվում: Ես վախում եմ, ես էնքան ինձանից չեմ վախըմ, էնքան իմ հարազատներից, հանկարծ ես իրանց չվարակեմ»,- ասում է կանանցից մեկը:
Վանաձորում բանկերից մեկից դուրս եկավ նախկին գումարման ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և անմիջապես հանեց դիմակը։ Նա նստեց իր ավտոմեքենան առանց դիմակի։ Կողքին նստած ուղևորը ևս դիմակ չէր կրում: «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այս պահանջին, նա արձագանքեց.- «Շատ ուշադիր հետևում եմ, պետք է բոլորը կատարեն իրենց պարտականությունները»:
Դիտարկմանը, որ դուրս գալուց անմիջապես հետո ինքը դիմակը հանեց, չի՞ կրելու, ասաց.- «Բա ի՞նչ եմ անելու, նստեցի մեքենա, հիմա պիտի կրեմ: Հիմա քո հետ խոսում եմ, որ քո դեմքը լավ նայեմ, դրա համար չեմ կրում»:
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսի 167 հաստատված դեպք։ Նրանցից 64-ն արդեն առողջացել են։ Լոռու մարզպետը շեշտում է, որ վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է վերջին 3 օրերին.- «Մի քանի անգամ ունենք վարակակիրների թվի աճ, և դա նշանակում է, որ այդ թիվը կարող է երկրաչափական պրոգեսիայով աճել»: