Հայաստանը քվեարկություն է պահանջել թուրք թեկնածուին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի նախագահ հաստատելու հարցով. AP

Վոլքան Բոզքիրը, արխիվ

ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն առաջիկայում պետք է ընտրեն Գլխավոր ասամբլեայի հերթական՝ 75-րդ նստաշրջանի նախագահին։ Նստաշրջանը աշխատանքները սկսելու է գալիք սեպտեմբերից։

Նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու կա՝ Թուրքիայի փորձառու դիվանագետ և քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն աջակցություն ստանալու համար, սակայն մի շարք երկրներ քվեարկություն են պահանջել։

Քանի որ գործընթացը հրապարակային չէ, դիվանագետները առանց բացահայտելու իրենց անունները, «Ասոշիեյթեդ Փրես»-ին երեք երկիր են նշել՝ քվեարկություն են պահանջում Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը։