Եվրահանձնաժողովը արգելել է Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Եվրամիության (ԵՄ) տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։
Ըստ այդմ, սև ցուցակում են ներառվել հայկական Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն և Skyball-ը։ Մինչ այդ հանձնաժողովը լսել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և ընկերությունների փաստարկները։
«Անվտանգության այս ցանկը պետք է օգտագործվի որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին ու պետություններին վերանայել ու բարելավել իրենց թռիչքային չափանիշները»,- հայտարարել է ԵՄ Տրանսպորտի գծով հանձնակատար Ադինա Վալեանը` հավելելով՝ հայկական ընկերությունների մասին որոշումը կայացվել է` հաշվի առնելով Անվտանգության հանձնաժողովի միասնական դիրքորոշումն այս հարցում։
«Հանձնաժողովը՝ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության գործակալության հետ, պատրաստակամ է համագործակցել ու ներդրումներ անել Հայաստանում՝ ոլորտի անվտանգությունը բարելավելու համար»,-ընդգծում է Եվրամիության պաշտոնական հաղորդագրությունը։
Այսօրվա որոշմամբ ցանկում ներառվել են մոտ 100 ընկերություններ՝ աշխարհի տասնյակ երկրներից։