ԱԱԾ. Շենգավիթում տոնական միջոցառման կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

Հայաստանի վարչապետի հանձնարարականով իրականացված միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում: Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, միջոցառմանը, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ:

Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել պարետի որոշումներով սահմանված կանոնները:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել այդ միջոցառումից` ասելով, որ իրեն ուղարկել էին այդ տեսանյութը, հորդորել ԱԱԾ-ին զբաղվել դրանով: