Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը արտակարգ դրության այս ամիսներին չի խզել կապը հանդիսատեսի հետ՝ պարբերաբար առցանց ներկայացնելով տարբեր տեսաբեմադրություններ և տեսահամերգային ծրագրեր: Եվ պատահական չէ, որ այս ընթացքում թատրոնի ֆեյսբուքյան էջն ավելի քան 5 միլիոն դիտում է արձանագրել, և առցանց հեռաձակումներով օպերային թատրոնը հայտնվել է ԱՊՀ երկրների 10 լավագույն թատրոնների շարքում:
Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 4-ին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ գտնվում է մինչև օրս՝ համավարակի պատճառով չկարողանալով վերադառնալ Հայաստան:
Նրան փոխարինող Կարինե Կիրակոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Օրբելյանը կվերադառնա առաջին իսկ հնարավորության դեպքում` շեշտելով, որ մաեստրոյի հետ ամենօրյա կապի մեջ են, և նրա հեռավար ղեկավարությամբ են իրականացվում թատրոնի առցանց ծրագրերը:
Կարինե Կիրակոսյանը փոխանցեց, որ հունիսի 1-ից թատրոնում սկսվում են փորձեր, իհարկե` քիչ քանակությամբ արտիստների մասնակցությամբ
Կիրակոսյան. – Ինչպես բոլորը, այնպես և մենք մեր գործունեությունը առցանց ենք ծավալում, սահմանափակ գործունեությունը իհարկե: Հիմնականում մեր ձայնագրություններն ենք ցուցադրում մեր հանդիսատեսին, նշում ենք մեր բոլոր տոնական միջոցառումները. մայիսի 28-ին ձայնագրել էինք նոր տոնական համերգ և ցուցադրեցինք օրվա կապակցությամբ: Հնարավորության սահմաններում աշխատում ենք չկտրվել մեր հանդիսատեսից:
«Ազատություն». – Իսկ առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:
Կիրակոսյան. – Մենք պատրաստում ենք մի շարք նոր ձայնագրություններ մեր արտիստների նոր կատարումով: Շատ կարևոր է, որ մեր արտիստները չկորցնեն իրենց որակավորումը:
«Ազատություն». – Իսկ բալետայի՞ն հատվածը:
Կիրակոսյան. – Բալետային հատվածը վաղվանից գալու է փորձերի: Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետային ներկայացումը պետք է բեմադրենք: Մենք առաջանախաղը նախատեսել էինք առաջնախաղը հունիսի սկզբին, բայց քանի որ նման իրավիճակ է, հիմա տեսնենք ինչքանով կարող ենք բալետի փորձերը վերականգնել ու կփորձենք դրան էլ լուծում տալ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.
Your browser doesn’t support HTML5