Կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 6 միլիոն 280 հազարի, վարակի հարուցած COVID-19 շնչառական հիվանդության զոհերի թիվը մոտենում է 375 հազարի, ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 850 հազար հիվանդ։

Ամերիկայում առավել տուժածը Նյու Յորքի նահանգն է

Դատարկ փողոց Նյու Յորքում, արխիվ

Ախտահարման և մահացության վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով, համավարակի բռնկումից ի վեր հիվանդացել է մոտ 1 միլիոն 790 հազար մարդ, նրանցից ավելի քան 104 հազարը մահացել է։

Առավել տուժել է Նյու Յորքի նահանգը, որտեղ վաղ առավոտյան հրապարակված ամփոփագրի համաձայն, մահացել է 29 հազար 784 հիվանդ։

Համավարակի տարածումը Եվրոպայում, Չինաստանում, ասիական այլ երկրներում զսպվում է, շատ տեղերում թուլացնում են կարանտինը, սակայն կորոնավիրուսը վտանգավոր արագությամբ հարվածում է Հարավային Ամերիկային։

Բրազիլիայում հիվանդացել է ավելի քան կես միլիոն մարդ, մահացել է մոտ 30 հազար։

«Մարդն է Սուրբ Հոգու տաճարն, այլ ոչ թե տնտեսությունը»​

Հռոմի Ֆրանցիոկոս Պապը, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր կիրակնօրյա ուղերձում հատուկ անդրադարձել է Հարավային Ամերիկային։

«Խնդրում ենք Աստծոն լույս սփռել և ուժ հաղորդել Ամազոնի շրջանի եկեղեցուն և հանրությանը, որը շատ է տուժել այս համավարակից։ Շատերն են վարակվել, շատերն են մահացել, հատկապես խոցելի են բնիկ ժողովուրդները», - ասել է Պապը։

Կաթոլիկ հովվապետն աշխարհի ղեկավարներին կոչ է արել մտածել ոչ թե տնտեսությունն, այլ մարդուն բուժելու մասին:

«Ոչ ոք չպետք է զրկվի բուժօգնությունից, կարևոր է բուժել մարդկանց, այլ ոչ թե տնտեսությունը։ Մարդն է Սուրբ Հոգու տաճարն, այլ ոչ թե տնտեսությունն», - ասել է Ֆրանցիսկոս Պապը։

«Թռիչքի ընթացքում օդանավի պատուհանը չեն փոխում»​. Ռեբեկա Կաց​

Առողջապահության համաշխարհային կազմակերպության լոգոն շենքի վրա, արխիվ

Մոլորակի համար այս բարդ ժամանակահատվածում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ կապերը խզելու Միացյալ Նահանգների սպառնալիքը մեծ անհանգստություն է առաջացրել։

Նախագահ Դոնալդ Թրամփն իր որոշումը բացատրել է համավարակի հարցում ԱՀԿ-ի դրսևորած դանդաղկոտությամբ և Չինաստանի տեսակետը մշտապես պաշտպանելու գործելակերպով։

Թրամփն ասել է, որ Ամերիկան ֆինանսական ռեսուրսներն ԱՀԿ-ին տրամադրելու փոխարեն կհատկացնի աշխարհում առողջապահության հարցերով զբաղվող այլ ծրագրերին։

Եվրոպական միությունը Վաշինգտոնին կոչ է արել վերանայել ԱՀԿ-ի հետ կապերը խզելու որոշումը։ Նույն հորդորն են հնչեցնում հենց ամերիկացի մասնագետները։

Գիտական հարցեր լուսաբանող Nature բրիտանական հանդեսը հրապարակել է ամերիկյան ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի՝ Ջորջթաունի համալսարանի Համաշխարհային առողջապահության և անվտանգության կենտրոնի տնօրեն Ռեբեկա Կացի հոդվածը։

«Սա համավարակ է, մարդիկ ասում են, թե օդանավ են կառուցում հենց թռիչքի ընթացքում, ԱՀԿ-ից Ամերիկայի դուրս գալը նման է ինքնաթիռի պատուհաններն օդում փոխելու փորձին»,- գրել է Կացը։

Փորձագետների համոզմամբ, ԱՀԿ-ից Ամերիկայի դուրս գալը կհանգեցնի ոչ միայն նոր կորոնավիրուսի, այլև հաղթահարված համարվող պոլիոմիելիտի, մալարիայի և այլ հիվանդությունների նոր բռնկումներին։

Բացի այդ, ամերիկացիների դուրս գալը խառնաշփոթ կստեղծի, կխոչընդոտի մոլորակի գիտնականների համագործացկությունը։

Դուրս գալով ԱՀԿ-ից՝ Ամերիկան կկորցնի առողջապահության բնագավառում առաջատարի և նոր նախաձեռնությունների հեղինակի դիրքը։ Եվ երբ ի վերջո կստեղծվեն կորոնավիրուսի դեմ դեղերն ու վակցինաները՝ Միացյալ Նահանգներն այլևս չի լինի աշխարհին դրանց տրամադրումը համակարգող գերտերությունը։

Կոլիզեումը՝ բնականոն կյանքին Իտալիայի վերադարձի ականատես

Փակ Կոլիզեումի շենքը Հռոմում, մարտ, 2020թ.

Մինչդեռ, Եվրոպայում փորձում են աստիճանաբար վերականգնել բնականոն կյանքը։

Հռոմի խորհրդանիշ Ֆլավիոսների ամֆիթատրոնը՝ Կոլիզեումը, կարմիր, կանաչ և սպիտակ լուսարձակներով զարդարել են Իտալիայի պետական դրոշի գույներով։

Կոլիզեումը մարդկության պատմության հազարամյակների վիթխարի նվաճումների և դարակազմիկ ողբերգությունների ականատեսն է։

Իտալիայում կորոնավիրուսն ավելի քան 33 հազար մարդ է սպանել, այսօր Կոլիզեումի դարպասները և այլ թանգարաններ բացվում են։

Կոլիզեումը տեսնում է համավարակը վերապրողների ցավի և ուրախության առցունքները։