Հայաստանի վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արցախի նախագահը

Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը Երևանում, 28-ը մայիսի, 2020թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան 45-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորելով Փաշինյանին՝ Հարությունյանը շարունակում է. - «Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ և արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման»:

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում», - ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի վարչապետն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ ինքը և ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով՝ թեստավորման արդյունքը դրական է: