Իսրայելում տպավորություն է` կարծես թե նոր տիպի կորոնավիրուսի կարանտին չի էլ եղել երկրում, երեկ հանգստյան գոտիներում ասեղ գցելու տեղ չկար, ու մարդիկ հանգստանում էին առանց դիմակների: Փողոցներում, սակայն, առանց դիմակի քայլել չի կարելի, ու որոշ սահմանափակումների թուլացումներն արդեն սպառնում են երկիրը կրկին, զինվորական լեզվով ասած, «զորամասային» վիճակին վերադարձնելուն:
Արդեն 2 շաբաթ վերսկսված ուսումնական գործընթացը վատ հետևանքներ ու համավարակի նոր ալիքի տարածմանը նպաստեց: Առողջապահության նախարարությունը հորդորում է կրկին փակել դպրոցները, որը կբերի գործազրկության թվի ավելացմանը՝ 24 տոկոսից հասնելով կրկին 30-ի, քանզի բազմազավակ ընտանիքների ծնողները չեն կարող երեխաներին տանը մենակ թողնել: Երուսաղեմի գիմնազիաներից մեկում 100 աշակերտի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, և սա այն դեպքում, երբ օրական կտրվածքով 15-20 նոր դեպք էր գրանցվում երկրում ինչպես համավարակի սկզբում՝ փետրվարի վերջերին:
Այսօր միանգամից մի քանի քաղաքներում մի շարք դպրոցներ փակվեցին, որոնց աշակերտների և ուսուցիչների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Սովորաբար երեխաների մոտ հիվանդության նախանշաններ չկան, ու սրանով պայմանավորված` այս պահին կառավարությունը որոշել է մեկուսացնել միայն այդ կրթօջախները:
Չնայած երկրում նորից ավելացել է վտանգը համաճարակի երկրորդ ալիքի, նորաստեղծ կառավարությունը շարունակում է բնականոն աշխատել, ու խորհրդարանականներն էլ սկսել են արդեն հարմարվել նոր գրասենյակներին ու աթոռներին, արդեն տարբեր խորհրդարանական հանձնաժողովներ են կազմավորվել, դեռ կազմավորման փուլում են միջխորհրդարանական բարեկամության խմբերը:
2018թ.-ից ի վեր՝ Իսրայելի Քնեսեթի լուծարումից ու մեկը մյուսին հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը լուծարված է, ու նորը դեռ չի կազմավորվել: Ազգային ժողովում Հայաստան-Իսրայել բարեկամական խումբը ղեկավարում է փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Այս խումբը բաղկացած է 22 պատգամավորից, որը, նախկին գումարման Ազգային ժողովների հետ համեմատած, այդքան շատ անդամներ չի ունեցել:
Մինչ Իսրայելում կձևավորվի միջխորհրդարանական բարեկամության խումբը, Երուսաղեմի «Հայ դատի» տեղի մասնաճյուղն ակտիվացրել է իր գործունեությունը: Երուսաղեմի ՀՄԸՄ-ի նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ ձախակողմյան «Մերեց» կուսակցությունը, որն ավելի քան երկու տասնամյակ բարձրացնում էր Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, այսօր արդեն միավորվելով աշխատավորական «Ավոդա» ձախակողմյան կուսակցության հետ, խորհրդարանում ներկայանում է որպես «Ավոդա-Մերեց» պառլամենտական խումբ՝ ընդամենը 6 պատգամավորով: Ահա այս պայմաններում ՀՄԸՄ-ի նախկին ատենապետ Սերոբ Սահակյանի համոզմամբ` մեր բանաձևի հիմնական ջատագովը Քնեսեթում հավանաբար կդառնա ընդդիմադիր ճամբարն այժմ փաստացի միավորող «Յեշ Ատիդ» (թարգմանաբար «Կա ապագա») կուսակցության նախագահ Յաիր Լապիդն, ով միակն էր հրեա պատգամավորներից, որ իր Թվիթերյան էջում ապրիլի 24-ին գրառում էր կատարել բացի եբրայերենից ու անգլերենից, նաև հայերեն լեզվով ու հայտնել, որ նրանք նոր օրինագիծ են առաջարկել Հայոց ցեղասպանության, որ դա իրենց բարոյական պարտքն է` որպես հրեական պետություն:
«Մեր պարագայում ես արդեն մեծ հույսեր չունեի, բայց կարծում եմ, որ որպես ընդդիմություն այսօր այդ «Կախոլ-Լավանի» Լապիդը ներկայանա, Լապիդի ձեռքով միգուցե մենք կարողանանք որոշ բան սկսել: Մեր հույսն առավելաբար Լապիդն է, այսինքն` «Մերեցն» այլևս չկա, և Լապիդի հետ մենք բավականին հարաբերություն ունենք և հանդիպման պայմանավորվածություն ունեինք, սակայն պառլամենտական ընտրությունների պատճառով հետաձգվեց»,- ասաց Սահակյանը:
ՀՄԸՄ-ի ներկայիս ատենապետ Հարութ Բաղամյանը փոխանցեց, որ Լապիդը Քնեսեթի անդամ է, և նրա կուսակցությունը կարող է առաջ քաշել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը.- «Վերջերս Լապիդը շատ ակտիվորեն կհիշեցնե Հայոց ցեղասպանության և Իսրայելի բարոյական պարտականության մասին, որ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Նրա համոզմամբ` մոտ ժամանակներս նաև պարզ կդառնա, թե երբ է տեղի ունենալու հայերի հանդիպումն ընդդիմադիր ղեկավարի հետ: Օրակարգում ոչ միայն Հայոց ցեղասպանության ու հայկական լոբբիի աշխատանքներն են, այլև պետք է քննարկվի Արցախի հարցը, նաև վերջերս չափազանց ակտիվացած ու տեղական լրատվամիջոցներում վճարովի եթերների շնորհիվ ադրբեջանական լոբբիի հակահայկական քարոզն ու հրեաների շրջանում հայատյացության սերմանման հիմնահարցը: Միայն «Յեշ Ատիդ» կուսակցությունով հայերը չեն եզրափակվելու: Ձախակողմյան մյուս կուսակցությունների, արաբական միացյալ ցուցակի, «Լիքուդի» հետ կոալիցիա կազմած Բենի Գանցի «Կախոլ-Լավան» (թարգմանաբար «Կապույտ - Սպիտակ») կուսակցության և ինչու չէ նաև վարչապետի «Լիքուդի» մեջ ընդգրկված պատգամավորների հետ են համագործակցելու:
«Մենք պատրաստ ենք միշտ համագործակցել բոլոր կուսակցությունների հետ, որոնք կուզեն պաշտպանել կամ առջև տանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- հավելեց Հարութ Բաղամյանը: