Արման Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը։ Դրա անդամները նախաձեռնության մեկնարկը տվել են երեկ՝ Մատենադարանի հարթակում կարդալով հռչակագիրը։

«Բուն նախաձեռնության նպատակն արդի քաղաքական զարգացումներում բոլոր քաղաքական ուժերից տարբերվող դիրքորոշում, հայացքներ ունենալու մեր համախոհների, աջակիցների դիրքավորումն է: Առհասարակ, իհարկե, ունենք մտադրություն մինչև տարեվերջ այս նախաձեռնությունը դարձնել կուսակցություն, ավելին՝ ընդհուպ մինչև հեղափոխական օրակարգը պաշտպանող ընդդիմադիր բևեռ դառնալու կամ այդ բևեռում առանցքային դերակատարություն ստանձնելու մտադրություն ունենք», - ասաց Բաբաջանյանը:

Քննադատելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ Բաբաջանյանն ասում է՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը պատմական շանս է Հայաստանի համար դառնալու ավելի ժողովրդավար և կայացած ինքնիշխան պետություն, այդ ճանապարհը բարդ է, սակայն երկու տարվա ընթացքում չեն կատարվել արմատական համակարգային բարեփոխումները, որ անհրաժեշտ են այդ նպատակին հասնելու համար: Ըստ Բաբաջանյանի, իշխանությունը չունի բարեփոխումներն անցկացնելու համար անհրաժեշտ կարողություններ և կամք: Իրենք հավակնում են ընդդիմադիր այնպիսի ուժ լինել, որ կստիպի իշխանություններին բարեփոխումներ կատարել։

«Մենք լինելու ենք ընդդիմադիր կուսակցություն, որը հավատարիմ է հեղափոխությամբ երկրին, մեր պետությանը տրված հնարավորությանը, հեղափոխության արժեքներին ու գաղափարներին: Մենք դառնալու ենք այն ուժը, որը իշխանությանը հանապազօրյա ռեժիմով պարտադրելու է կատարել համակարգային, արմատական բարեփոխումներ», - նշեց պատգամավորը:

Թեև իրենց ուշադրության կենտրոնում են Հայաստանի առջև ծառացած թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական խնդիրները, սակայն գործունեության մեխը՝ արտաքին քաղաքականությունն է լինելու: «Տեսնում ենք շատ անցանկալի հապաղում Եվրամիության հետ հարաբերություններում, մենք տեսնում ենք, որ Եվրամիության հետ մենք բավական ոչ համարժեք քայլեր ենք ձեռնարկում Միացյալ Նահանգների հետ, նաև Մերձավոր արևելքի հետ, բազմաթիվ ուղղություններով մենք չիրացված ներուժ ունենք, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք մեր հարաբերությունները երկկողմ ձևաչափով ավելի ու ավելի զարգացնել», - ընդգծեց Բաբաջանյանը:

«Հանուն հանրապետության» նախաձեռնության առաջնային խնդիրը նաև դատաիրավական բարեփոխումներն ու վեթինգի իրականացումն է լինելու։

«Սա լինելու է մեր առաջին կարևոր անելիքներից մեկը՝ ճնշելու գործող իշխանությանը դատական օրենսգիրքը նորից բերելու Ազգային ժողով և գտնելու արդի, գործող Սահմանադրության շրջանակներում այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան վեթինգի կամ անհրաժեշտ ֆիլտրերի ներդրումը», - ասաց Արման Բաբաջանյանը:

Որևէ համագործակցություն նախկին իշխանությունների կազմում եղած, նրանց հարած շրջանակների հետ Բաբաջանյանը բացառում է. «Որևէ ռեժիմի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց սպասարկած քաղաքական առանձին գործիչների, նաև ինչու չէ հեղափոխությունից հետո ձևավորված նոր քաղաքական միավորների այդ շրջանակներից որևէ մեկը մեզ համար, ոչ միայն անձնապես իմ, այլ նաև մեր քաղաքական նախաձեռնության թիմի համար կատեգորիկ մերժելի են»:

Արման Բաբաջանյանը չի տեսնում հնարավոր համագործակցություն նաև «Իմ քայլի» պատգամավորների հետ, սակայն արտախորհրդարանական ուժերի շարքում ասում է՝ համախոհներ կան, մի նպատակի շուրջ համախմբվելու հնարավորություն տեսնում է՝ առանց անուններ նշելու։ «Հանուն հանրապետության» նախաձեռնությունը, կուսակցություն դառնալու դեպքում՝ հապավումով ընթերցվում է ՀՀԿ, արդյոք Բաբաջանյանին չի՞ մտահոգում, որ նոր ստեղծվելիք կուսակցության անվանումը համահունչ է լինելու 2018 թվականին մերժված կուսակցության հետ։ Բաբաջանյանն ասում է՝ կուսակցության անվանումը դեռ վերջնական չէ, վստահեցնում է՝ նոր կուսակցությունը հին հապավումով չի լինի:

«Հավանաբար դա կլինի, օրինակ, Համախմբում հանուն պետության, Համախմբում հանուն հանրապետության դաշինք, այսինքն՝ էդպես պարզ չի ամեն ինչ», - նշեց նա: