Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի առցանց

Ամեն տարի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին մեկնարկում է մեր մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային մրցույթը, որն արդեն 16-րդ անգամ կանցկացվի այս տարի, բայց ոչ սովորական ձևաչափով: Մրցույթի կազմակերպիչները մեծ աշխատանք են կատարել մրցույթը չհետաձգելու և առցանց անցկացնելու համար:

Մրցույթի մամլո պատասխանատու Սարգիս Նալղռանյանի խոսքով՝ այս տարի կմրցեն մինչև 30 տարեկան ջութակահարները: Մրցույթն, ինչպես միշտ, կանցկացվի երեք փուլով և մեկ շաբաթյա պայքարից հետո, ինչպես ամեն տարի, մրցույթը կեզրափակվի գալա համերգով՝ այս անգամ, իհարկե, առցանց: Ինչպես ընդգծեց Սարգիս Նալղռանյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում, բացառիկ է նման միջազգային մրցույթն առցանց կազմակերպելը:

«Սա աննախադեպ է ոչ միայն Հայաստանի համար և մրցույթի կյանքում, այլև այն եղանակը, որով անցկացվելու է, աննախադեպ է նաև միջազգային մրցույթների շրջանակներում, որովհետև ներառվել են նորարարություններ, որոնք առաջին փորձարկումներն են անցնում, և վստահ ենք, որ պսակվելու են բազմաթիվ հաջողություններով», - ասաց Նալղռանյանը:

Մրցույթի մամուլի պատասխանատուն հայտնեց, որ մշակվել է հավելված, որը հնարավորություն է տալիս մրցույթի մասնակիցներին և ժյուրիին աշխատելու իրար հետ: