Վաչե Շարաֆյան․ Մարդկության պատմությունը ունեցել է նման ժամանակներ, և մարդիկ հաղթահարել են դա

Մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից Վաչե Շարաֆյանի բազմաժանր ստեղծագործությունները հնչել և հնչում են թե' Հայաստանում, թե' նաև աշխարհի լավագույն բեմերում՝ անվանի մենակատարների և նվագախմբերի կատարմամբ:

Նա ավելի քան 80 սիմֆոնիկ, կամերային, վոկալ-անսամբլային, նաև երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է: Գրել է նաև «Աբգար արքա» օպերան և «Երկրորդ լուսին» բալետը:

Եվ մինչ աշխարհում կսկսեր մոլեգնել կորոնավիրուսի համավարակը, այս տարվա մարտի 4-ին Վաշինգտոնում մայր տաճարում տեղի ունեցավ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում հնչեցին Վաչե Շարաֆյանի «Հայկական ոդիսական» մեծածավալ սյուիտը և Թավջութակի 2-րդ կոնցերտը:

Կոմպոզիտորն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ ինքնամեկուսացման այս ամիսների ընթացքում, բնականաբար, շարունակել է ստեղծագործել՝ աշխատելով երկու ուշագրավ նախագծերի վրա. – «Մարտի 4-ի համերգից հետո` մարտի 7-ին տեղի ունեցավ մի համերգ Աստվածաշնչի թանգարանում: Արդեն հեղինակային համերգ էր, որտեղ ես էի նվագում, և ինձ հետ հայազգի ջութակահարուհի Ամերիկայից»:

Նա ասաց, որ դրանք վերջին համերգներից էին Միացյալ Նահանգներում համաճարակով պայմանավորված համերգների արգելքից առաջ: Չեղարկվել է նրա համերգը Գերմանիայում, ձայնագրությունը Ֆրանսիայում. – «Հիմա աշխատում եմ ինքնամեկուսացման մեջ, միանգամից մի քանի նախագիծ եմ անում: Նաև օնլայն Ամերիկայի հետ կա համագործակցություն: Աշխատանքը շարունակվում է»:

Հարցին, թե ինչպես է տանում ինքնամեկուսացումը, Շարաֆյանն արձագանքեց. – «Ես միշտ էլ էսպես նստած աշխատում եմ: Դա իմ գործն է, իմ առաքելությունն է, իմ կյանքի ձևն է: Ուղղակի միշտ արդեն նախապես գիտես, թե ինչի համար ես անում, կային նախապես պատվերներ, հիմա մի քիչ սառած վիճակ է: Բայց աշխատանքը շարունակվում է: Միանգամից երկու շատ մեծ նախագծերի վրա եմ աշխատում, նոր ստեղծագործությունների վրա, որոնք կհնչեն արդեն մոտ ապագայում: Կյանքը շարունակվում է, գտնում ենք ճանապարhներ: Եթե մի բան պիտի կայանա, ուրեմն պիտի կայանա և գտնի իր կայացման ճանապարհները»:

«Կարծում եմ, մարդկության պատմությունը ունեցել է նման ժամանակներ, համաճարակներ եղել են, և մարդիկ մեկուսացել են և հաղթահարել են դա: Հուսով եմ, որ սա էլ ինչ-որ կերպ մարդկությունը կհաղթահարի, և մենք ականատես կլինենք»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Your browser doesn’t support HTML5

Վաչե Շարաֆյան․ Մարդկության պատմությունը ունեցել է նման ժամանակներ, և մարդիկ հաղթահարել են դա