Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում սոցցանցերի հասցեին

ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը և արդարադարության նախարար Ուիլյամ Բարը լրագրողների հետ զրուցում են սոցցանցերի խնդրի մասին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 28-ը մայիսի, 2020թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ կտա կարգավորել սոցիալական ցանցերի աշխատանքը և կանխել «առցանց գրաքննությունը»։

Թրամփը նաև սպառնացել է ներկայացնել օրինագիծ, որը կթուլացնի սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Twitter-ի և Facebook-ի իրավունքների պաշտպանությունը։

Նա ասել է, թե կպահանջի վերանայել 1996 թվականին ընդունված «Կոմունիկացիաների պարկեշտության մասին» օրենքի թիվ 230 հոդվածը, որն առնչվում է համացանցում նյութեր տեղադրելու կամ դրանք մերժելու դրույթին։

Թրամփին զայրացրել է այն, որ Twitter-ն իր վերջին մի քանի գրառումներին կցել է «հարկ է ստուգել արժանահավատությունը» ծանուցումը։

Նախագահն այդ գրառումներում ակնարկել է, որ որոշ նահանգներում ընտրողներին փոստով քվեարկելու նամակներ ուղարկելով՝ դեմոկրատները խախտումների հող են նախապատրաստում։

Խոսելով սոցցանցերի մասին, Թրամփն ասել է, թե դրանք «տեղեկատվական դաշտում մենաշնորհ են հաստատում», և հավելել, որ դա թույլ չի տա։

Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին «անընդունելի» է որակել Թրամփի դիրքորոշումը։

Իրավաբանները դեռ չեն կարող ասել, թե արդյոք ԱՄՆ Կոմունիկացիաների դաշնային հանձնաժողովը հավանություն կտա ինտերնետի մասին օրենքի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությանը։

Թրամփի արձակած կարգադրությունը գլխադասային գերատեսչություններին սոսկ հանձնարարում է քննարկել սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորելու հնարավորությունը։

Գործող օրենքները փոխելու իրավունքը վերապահված է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսին։