Եվրադատարանն այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի վերաբերյալ իր խորհրդատվական կարծիքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

«Մարտի 1»-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ այսօր հրապարակվելիք խորհրդատվական կարծիքը չի կարող ազդել Քոչարյանի գործի կամ նրա խափանման միջոցի փոփոխության վրա:

Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ): ՍԴ-ն էլ 2019-ի հուլիսին որոշել էր կասեցնել այս դիմումի քննությունը և խորհրդատվության համար դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին: Մոտ մեկ տարի անց՝ այսօր, ՄԻԵԴ-ը կհրապարակի իր կարծիքը խնդրի վերաբերյալ:

Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ երկրորդ նախագահը չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել:

«Կարծում եք՝ այդ խորհրդատվական կարծիքում այստեղ խախտումներ չե՞ն արձանագրվի», - «Ազատության» այս հարցին Սեդա Սաֆարյանն արձագանքեց. - «Իմ կարծիքով՝ չեն արձանագրվի»:

Հարցին էլ՝ Եվրադատարանի խորհրդատվական կարծիքն ինչ-որ ազդեցություն կթողնի՞ նախկին նախագահի գործի կամ նրա խափանման միջոցի փոփոխության վրա, փաստաբանը պատասխանեց. - «Ըստ էության՝ ոչ: Դատարանները կարող է որոշակի, ասենք, ուշադրություն դարձնեն քննության ընթացքում, պատիժ սահմանելու ընթացքում, բայց ես չեմ կարծում, որ կոնկրետ Քոչարյանի քրեական գործում դա որոշիչ դեր կունենա»:

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը չցանկացավ ասել, թե ինչ ակնկալիքներ ունեն Եվրոպական դատարանից: Ամեն դեպքում, ընդգծեց՝ Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքները մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու նպատակ ունեն, հետևաբար՝ այդ կարծիքը կարող է անմիջական ազդեցություն ունենալ քրեական գործի վրա:

«Թեև այն այդպես կոչվում է՝ խորհրդատվական կարծիք, բայց հենց առհասարակ այդ ինստիտուտի՝ Եվրոպական դատարանի կողմից տրամադրվող կարծիքի էությունը կայանում է նրանում, որ այն օգնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին՝ կանխարգելել իրավունքների խախտումները: Այսինքն, այն հարցերը, որոնք հետագայում կարող են դառնալ Եվրոպական դատարանում քննության առարկա, խորհրդատվական կարծիքի միջոցով կանխվում են: Հետևաբար, նշված կարծիքի ազդեցությունը՝ այն կարող է լինել հենց ուղղակի և անմիջականորեն», - հայտարարեց Վարդևանյանը: