Լոռու մարզպետ․ Մենք իրավունք չունենք վարելահողը պարապ թողնելու

Լոռու մարզում շուտով կավարտվի գարնանացանը։ Պաշտոնական տվյալներով մարզում մշակվել է մոտ 27 հազար հա վարելահող՝ եղածի 60 տոկոսը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է՝ դա անցած տարվա համեմատ 10 տոկոսով ավելի է. – «Մենք իրավունք չունենք վարելահողը պարապ թողնելու, դա հանցագործության նման մի բան է։ Պետք է բոլոր հողատարածքները մշակվեն»:

Մարզի ղեկավարի համոզմամբ, մշակովի վարելահողերի թվի աճին ինչ-որ չափով նպաստեց նաև կորոնավիրուսի տարածումը. – «Կարևոր ֆակտոր է այն, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները այս տարի հնարավորություն չունեցան մեկնելու և արդեն սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ»:

Մարզի 41 գյուղատնտեսներ եկել էին Վանաձոր Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 10 մոտոբլոկներ ստանալու համար։

Գյուլագարակում 4 տարի առաջ ստեղծված կանանց խումբը ոչ ավանդական մշակաբույսեր է աճեցնում, ջերմոցային տնտեսություն ունեն։

5 կանանցից բաղկացած գյուղացիական տնտեսության ղեկավար Ալվարդ Դավոյանն ասում է, որ փոքր հողակտորներ ունեն, որոնք հին ավանդական գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով հնարավոր չէր վարել, փխրեցնել հողն ու հավաքել մարգերը։ Դրանք մնում էին անմշակ։ Այս նոր հարմարավետ մոտոբլոկներն անգամ անհասանելի թվացող տարածքներ կարող են մտնել ու դարձնել մշակվող։

Ալավերդցի Ադամ Սիմոնյանը, ով նույնպես շահառու է, Ակներ բնակավայրում իր երկու ընկերների հետ երեք հեկտար հող է մշակում։ Բարջարեղեն են աճեցնում։ Դեռ բերքը չի հասունացել, եկամուտներ չեն ստացել, բայց հույս է հայտնում, որ արված ներդրումները կարդարանան, մեկը երկու կդառնա։ Իրար հարակից երեք գյուղական բնակավայրերում՝ Ակներ, Սանահին ու Հաղպատ, իրենց մշակած երեք հեկտարը միակ մշակվող հողակտորն է։ Ալավերդի համայնքի մեջ մտնող այս երեք գյուղերի ամբողջ վարելահողերը տասնամյակներ շարունակ անմշակ են և օգտագործվում են որպես խոտհարք։

Լոռու մարզպետը նշեց, որ Ալավերդի համայնքն առաջիկայում նույնպես գյուղտեխնիկա կստանա. – «Քիչ հողեր ունի մշակած, էդ ցուցանիշով շատ վատ ա: Բայց հիմա մի փոքր դրական ա նաև, որ ձուլարանը չի աշխատում, և պետք ա սկսել ավելի լուրջ գյուղատնտեսությամբ Ալավերդում»:

Ակներում հողագործություն սկսած Ադամ Սիմոնյանն ասաց, էո կորոնավիրուսից որոշ վնասներ արդեն կրել են։ Գարնան սկզբին սածիլներ էին գնել Ռուսաստանից, բայց ճանապարհները փակվեցին, հնարավոր չեղավ դրանք Հայաստան հասցնել, ստիպված վաճառել են. – «80 հազար հատ սածիլ էինք գնել, բայց վերավաճառեցինք, 3 ռուբլով գնել էինք, 1 ռուբլով վաճառեցինք...»

Սամվել Հովակիմյանը 5 հեկտար այգի ունի Ճոճկան գյուղում։ Կեռաս, արխայախնձոր ու եգիպտացորեն է աճեցնում։ Ասում է, որ բերքը նոր է հասունանալու, առայժմ վիրուսի հետ կապված դժվարություններ չի ունեցել։ Մեկուսանում է իր ծառերի հետ ու մշակում դրանք՝ հույսով, որ սեզոնի վերջում լուրջ եկամուտ է ունենալու։

Սարգիս Մարիկյանը Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրից է։ Հողագործությամբ է զբաղվում, նաև խելացի անասնագոմ է հիմնում։ Ասում է, որ ժամանակին անասնապահության ավանդական մեթոդները արդյունք չեն տվել։ Մի քանի անգամ ստիպված է եղել վաճառել ունեցածն ու դադարեցնել գործը։ Բայց հիմա արդիական մեթոդներով գյուղատնտեսությունը գրավել է իրեն. – «Առաջներում դժվար էր բիզնես գործունեություն ծավալելը, որովհետև առողջ բիզնես միջավայր չէր»: