Միքայել Մինասյանի հովանավորությամբ սելիտրայի անվան տակ Հայաստան տարբեր ապրանքներ են ներկրվել՝ պետությանը պատճառելով միլիարդավոր դրամի վնասներ:
Վարչապետ Փաշինյանն այս դրվագը փոխանցեց հարուցված քրեական գործից՝ պատասխանելով Մինասյանի մեղադրանքների մասին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ըստ Սերժ Սարգսյանի փեսայի, Փաշինյանի ընտանիքը մաքսանենգությամբ է զբաղված:
«Ինչ վեր վերաբերում է Հայաստանը մաքսանենգ երկրի իմիջին, ես կարծում եմ, որ այդ իմիջով հետաքրքրվողները առաջին հերթին պետք ա հետաքրքրվեն այն քրեական գործով, որը հարուցված է Պետական եկամուտների կոմիտեում Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված, և որտեղ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, որոնք, քավ լիցի, առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, Ձեր նշած անձի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ` գյուղատնտեսական մթերքներ, ճոխության առարկաներ, շինանյութ, ինչ ասես` սելիտրայի անվան ներքո: Եվ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է մոտավորապես 20 միլիարդ դրամի վնաս»:
Այնուհետև Փաշինյանը, առանց հստակ անուններ նշելու, թե որ գործի կամ գործերի մասին է խոսքը, հայտարարեց, որ շուտով կոռուպցիոների ձայնը էլ չի լսվի․ - «Վերջին օրերին իրադարձությունների արդյունքում կսսկվեն, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պիտի իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից դուրս պրծնել չեն կարողանալու: Ասենք, Սերժ Սարգսյանը, մնացածը, իրանք բոլորը, պապիկը շաղգամից, կամ պապիկը Միշիկից, թոռնիկը տատիկից, փիսոն պապիկից և մուկն էլ, ամենակարևորը մուկը վերջից քաշի, մեկ ա չեն պլստալու»:
Պատգամավոր Արման Բաբաջանյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց հետարքրվեց, թե արդյոք կանխատեսվում է առողջապահական համակարգի փլուզում:
Արսեն Թորոսյանի արձագանքը. – «Մենք էլի ամեն ինչ պիտի անենք, որ թույլ չտանք էդ չակերտավոր կոլապսը, երբ որ մենք չենք կարողանա սպասարկել պացիենտներին: Դրա համար տեղի ա ունենում հզորությունների շարունակական զարգացում: Ես իմ խոսքում մի անգամ մեջբերել էի մի մեթոդաբանության մասին, որով գնահատվել էր, որ մենք հնարավոր ա ունենանք 500 հազար դեպք մինչև հունիսի վերջ, և եթե նման սցենար լինի, մեզ անհրաժեշտ կլինի մոտավորապես 300 միլիոն դոլար: Դա գնահատական էր: Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին` նույնիսկ նման ահագնացող տեմպերով աճելով, հետևաբար ֆինանսական կարիքները շատ ավելի համեստ են` ի համեմատ այդ թվի, բայց բավական լուրջ են` ի համեմատ ընդհանրապես առողջապահական ծախսերի: Այդ ծախսերը, եթե շատ կոպիտ գնահատենք, տատանվում են ամսեկան 1,5-2 միլիարդ դրամի շրջանակներում»:
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետին հիշեցրեց, որ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ ազգակցական կապ ունի այն շինարարական ընկերության տնօրենը, որը բանկային կեղծ երաշխիքի փաստաթուղթ է ներկայացրել:
Փաշինյանն արձագանքեց. – «Այդ դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմին Պետական վերասկողական ծառայությունը, գործերը ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն, և որևէ կասկած չի կարող լինել, որ էդ գործը կարժանանա պատշաճ քննության: Ինչ վերաբերում է կապերին, Հայաստանը փոքր երկիր է: Որ շատ փորփրենք, հնարավոր ա Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն: Ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնեն: Իհարկե, իրավունք ունեք կասկածելու, բայց իմ պատասխանը հետևյալն է` յուրաքանչյուրը իր մտապատկերի շրջանակում պետք է պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին: Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, և կասկած չունենաք, որ Ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, և Ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»:
«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանն էլ սոցիալական աջակցության ծրագրերից մարդկանց դժգոհությունը փոխանցեց վարչապետին․ - «Ճիշտ է, թվով շատ են, բայց արդյունավետության տեսանկյունից շատ խիստ խնդրահարույց են, և սա արդեն փաստ է, որը մեր բոլոր քաղաքացիներն են արդեն տեսնում: Երկրորդը կապիտալ շինարարության հարցերն են. ե՞րբ է ի վերջո էս ամենը լինելու: Եվ մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք նաև խոչընդոտների մասին բանկային երաշխիքների տեսքով:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. – «Էդ բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն դուք, կարծում եմ, չունեք: Առնվազն շատ քաղաքացիներ նամակներով դիմում են մեզ և շնորհակալություն են հայտնում աջակցության համար: Երկրորդը, մինչև 10 միլիոն դրամանոց գնումների համար բանկային երաշխիք չի պահանջվում: Եվ բոլոր փոքր և միջին ձեռնարկությունները կարող են առանց բանկային երաշխիքի մասնակցել մրցույթներին: Իզուր թող ձեր միջոցով լոբբինգ չանեն ատկատիստները»: