ԱԺ-ում ավարտվեց ոստիկանությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումը

Ազգային ժողովում ավարտեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը։

Նախագծով ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն նախատեսվում է պարեկային ծառայության ներդրում: Ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան զինվորական ծառայություն անցած և միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո:

Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ, նրանք ունենալու են նաև սոցիալական երաշխիքներ։ Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանին հետաքրքրում էր՝ ինչքանո՞վ է ավտոմատացված ծառայության աշխատանքը:

«Կապված պարեկային ավտոմոբիլների հետ, պլանավորվո՞ւմ է արդյոք այնտեղ ներդնել էլեկտրոնային միջոց, որի շնորհիվ, որի արդյունքում էդ վարչական իրավախախտման արձանագրությունները ավտոմատ կերպով, այսինքն երբ որ տվյալները մուտք անենք, մնացածն էլեկտրոնային եղանակով միանգամից էդ շտեմարանները կբեռնի ու կթեթևացնի, այսինքն արձանագրությունը մենք միանգամից մուտք կանենք համակարգ», - հարցրեց Արտյոմ Ծառուկյանը:

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն արձագանքեց. «Ավտոմատացումը կոնտրոնական դեր է ունենալու: Մենք այս ընթացքում նաև քննարկում ենք, ոչ թե քննարկում ենք, արդեն ունենք ծրագիր՝ պարեկային ծառայողներին պլանշետներով հագեցնելու հնարավորություն, որպեսզի նրանք այդ ձեռամբ արձանագրություններ չկազմեն, դա հնարավորություն կտա հասանելիություն ունենալ տարբեր բազաներին և էլեկտրոնային կազմել արձանագրությունները»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արկադի Խաչատրյանը ընդգծեց՝ կարևոր է, որ ոչ միայն ծառայության անունը փոխվի, այլ նաև բովանդակությունը:

«Շատ կարևոր է, որպեսզի ներկայացվեն նոր պահանջներ և սահմանվեն նոր չափանիշներ՝ կրթական, լեզվի իմացության, ֆիզիկական պատրաստվածության», - ասաց Խաչատրյանը:

Նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը վկայակոչեց այս հարցում հարևան Վրաստանի հաջող փորձը:

«Վրաստանի Հանրապետության բրենդը դարձել է պարեկային ոստիկանությունը, և այդ երկրի վերաբերյալ դրական պատկերացումների մասին մեծամասամբ պատկերացումները կազմում եմ են այդ ծառայության միջոցով», - նշեց Արմեն Խաչատրյանը:

Նկատենք՝ բարեփոխումը նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից է: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն: