Հոնկոնգում նորից ցույցեր են, ոստիկանությունը կրկին դիմել է բռնությունների

Հոնկոնգ - Ոստիկանությունը ցրում է ցուցարարներին, 27-ը մայիսի, 2020թ.

Այսօր Հոնկոնգում կրկին ցույցեր են սկսվել, ոստիկանությունը կրկին դիմել է բռնաճնշումների՝ կիրառելով նաև արցունքաբեր գազ։

Ցույցերի բռնկման պատճառը Պեկինի կողմից առաջարկված ազգային անվտանգության նոր օրինագիծն է, որի համաձայն՝ Չինաստանի հատուկ ծառայությունները կարող են ռազմակայաններ, հենակետեր ստեղծել ինքնավարության որոշակի աստիճան ունեցող Հոնկոնգում:

Ցուցարարները դեմ են Հոնկոնգում հատուկ ծառայությունների ծավալմանը, ինչպես նաև Չինաստանի օրհներգին առնչվող օրինագծին: Հոնկոնգի օրենսդիր մարմնի օրակարգում ընդգրկված այդ օրինագիծը քրեական պատասխանատվություն և տուգանքներ է նախատեսում օրհներգը չհարգելու դեպքում։

Ցուցարարները փորձել են հավաքվել Հոնկոնգի օրենսդիր մարմնի շենքի մոտ, բայց այդ տարածքում ոստիկանական շատ ուժեր էին կենտրոնացվել:

Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր առնվազն 16 ցուցարար բերման է ենթարկվել:

Թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանները բժշկական պաշտպանիչ դիմակներ են կրել: