Առաջարկվում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի

Կառավարության և խորհրդարանական 3 խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովում (ԱԺ) քննարկվում էր Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։

Նախագծով առաջարկվում է ընտրական օրենսգրքով սահմանել մինչև 4 հազար ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ: Իսկ 4 հազար և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ, որին մասնակցելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները։

Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կարևորեց՝ քաղաքական կուսակցություններն իրենց քաղաքական ներուժը 5 տարի շարունակ կարողանալու են ավագանիում իրացնել.- «Սա նշանակում է հետևյալը` նախկինում ունենում էինք դեպքեր, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքապետը շատ դեպքերում 1-2 տոկոսով, երբեմն նաև մի քանի ձայնով պարտություն էր կրում, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը 5 տարի շարունակ դուրս էր մղվում տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց: Այս օրենքի նախագիծը երաշխավորում է, որ այդ համայնքում կլինի առողջ, քաղաքական մթնոլորտ, այն մոդելը, որ առկա է խորհրդարանում, կտեղափոխվի նաև տեղական ինքնակառավարման մարմիններ»:

Նախարարը հիշեցրեց, որ այսօր՝ հեղափոխությոնից երկու տարի անց, շատ համայնքներում շարունակում են պաշտոնավարել նախկին իշխանությունների օրոք ընտրված ղեկավարները, թե ինչպես են ընտրվել, հիմա այդ մասին խոսելն ավելորդ է։ Սակայն օրենքի այս նախագիծը, Պապիկյանի պնդմամբ, այսուհետև կոտրելու է ազգակցական, նաև կրիմինալ կապերի վրա հենված մտածողությունը.- «Ես որևէ համայնքապետի հետ երբևէ որևէ խնդիր, ընդ որում նրանց ընտրված ժամկետի հետ որևէ խնդիր չեմ ունեցել, բայց մի բան հստակ է, որ հասարակության տարբեր շերտեր, նաև քաղաքական տարբեր կուսակցություններ մեզ մեղադրում են, որ մենք հարմարվողականություն ենք դրսևորել և շարունակում ենք աշխատել այդ համայնքապետերի հետ: Այդ համայնքապետերին ընտրել է ժողովուրդը տարբեր կերպ, չգիտեմ, բայց մենք հիմա հնարավորություն ենք ընձեռելու, որպեսզի Հայաստանի քաղաքացին իր համայնքում հաստատի իր իշխանությունն ամբողջությամբ, ինքը որոշի` ով է լինելու իր համայնքի ղեկավարը: Կարող են այդ համայնքի ղեկավարները լինել նաև նախկինում ընտրված համայնքի ղեկավարներ, ես չգիտեմ, դա կախված է տվյալ մարդկանց հեղինակությունից, անցած ճանապարհից»:

Փոփոխություններ են առաջարկվում նաև համայնքների ավագանիների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմ կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն: Առաջարկվում է նաև օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը, որը, նախարարի պնդմամբ, բազմիցս քննադատվել է։