Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը կալանքը երկու ամսով երկարացնելու դեմ։ Խաչատրյանը կմնա կալանքի տակ, «Ազատությանը» փոխանեց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

2008-2014-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանն, ըստ փաստաբանների, ունի ողնաշարի և հենաշարժական ապարատի խնդիրներ, մարմնում իմպլանտ է տեղադրված։ Ըստ իրավապահների` նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյայի օրոք իր ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում: Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։