Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը և ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը, հավելել, որ ձևավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական և արտախորհրդարանական այլ ուժերի հետ:
Սամվել Բաբայանը ևս կարևորել է համատեղ փոխգործակցության գաղափարն՝ ընդգծելով, որ այն հատկապես պահանջված է հայրենիքի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար: