Վարակաբան. Մարդիկ սկսել են դիմել շատ ավելի վատ վիճակում, քան մեկ ամիս առաջ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Նաիրա Ստեփանյան

Երեկ կատարված 1197 կորոնավիրուսի թեստերից դրական է եղել 452-ը. մեկ օրում հայտնաբերված դեպքերի թվով Հայաստանում սա նոր «ռեկորդ է»: Երեկ մահացել է 6 մարդ, նրանցից ամեներիտասարդը 58, ամենատարեցը 86 տարեկան, երկուսը կանայք են, չորսը` տղամարդիկ:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Նաիրա Ստեփանյանի խոսքով, իրենց սկսել են դիմել շատ ավելի վատ վիճակում գտնվող մարդիկ, քան մեկ ամիս առաջ. – «Դիմում են և նմուշառվում են բացառապես կլինիկական դրսևորումներ և գանգատ ունեցող մարդիկ: Եվ այդ մարդկանց շրջանում ևս նմուշառումները «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում անցնում են 200-ից: Դիտելով, թե ինչպիսի դեպքեր են հիմա դիմում հիվանդանոց, որոնք մեկ շաբաթ արդեն հիվանդ են, տանում են երկարատև հիվանդություն և այլևս չեն կարողանում ինքնուրույն շնչել, չեն կարողանում ինքնուրույն պայքարել հիվանդության դեմ, իջեցնել ջերմությունը, և շտապօնություններով տեղափոխվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, իմ կարծիքով, այդ 7 օրվա ընթացքում նրանք հասցնում են վարակել նաև իրենց հարազատներին, և դեպքերը շատանալու են»:

Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր 7113 դեպքերից 3145-ն առողջացել են: 87 մարդ մահացել է: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:

Համաձա՞յն է արդյոք վարակաբանն այն կանխատեսման հետ, որ հունիսին Հայաստանում արդեն կարող է լինել մոտ 20 հազար դեպք:

«Եթե այս տեմպերով գնա, ապա դա չափազանցություն չէ: Հնարավոր է հենց այդ թվերն էլ մենք ունենանք», - ասաց Նաիրա Ստեփանյանը: