Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետական խորհուրդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում է ընդունել, կողմ է քվեարկել նաև ծագումով թուրք պատգամավորը

Վալանս քաղաքի համայնապատկեր, արխիվ

Կորոնավիրուսի համավարակը վերջին շաբաթներին սկսել է նահանջել Ֆրանսիայում, ինչը հնարավորություն է տվել իշխանություններին վերացնել համավարակի դեմ պայքարում նախաձեռնված մի շարք սահմանափակումները: Հունիսի 2-ից հետո կվերացվեն այլ սահմանափակումներ ևս:

Պաշտոնական տվյալներով` ներկայումս հիվանդանոցներում կա 1665 ծանր հիվանդ, բայց մեկ շաբաթ առաջ նրանք 2 հազար 132-ն էին: Համավարակի իրադրության բարելավումը թույլ է տալիս իշխանություններին մտածել կիսատ թողնված քաղաքապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շարունակելու մասին:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին կայացել էր այդ ընտրությունների առաջին փուլը, երկրորդը հետաձգվել էր համավարակի սաստկացման հետևանքով: Այն նախատեսված է անցկացնել հունիսի 28-ին` առողջապահական միջոցառումների խիստ պահպանմամբ: Իհարկե, համավարակով պայմանավորված` այս օրը կարող է փոխվել:

Ինչպես ընտրությունների առաջին փուլում, այնպես էլ այս օրերին համայնքը շարունակում է աչալուրջ լինել Հայաստանի և Հայ դատի վերաբերյալ թեկնածուների ունեցած դիրքորոշումների հանդեպ: Վալանս հայաշատ քաղաքի քաղաքապետական խորհուրդը, որն ունի ծագումով հայ 4 պատգամավոր, իր արդեն ընտրված անձնակազմի պաշտոնավարման ստանձնման առաջին օրվանից միաձայն ընդունել է մի որոշում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատել է իր ցանկությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Այս որոշման ընդունումը դարձել էր անհրաժեշտություն` վստահություն ներշնչելու համար Վալանսի հայկական համայնքին:

Ֆրանսահայ կազմակերպությունները Հայ դատի հանձնախմբի գլխավորությամբ հայտնաբերել էին Հայոց ցեղասպանության հանդեպ ժխտողական դիրքորոշում ունեցող, ազգությամբ թուրք մի պատգամավորի ներկայությունը նախընտրական ցուցակներում, հետո նաև նրա ընտրությունը նոր քաղաքապետական խորհրդում և դատապարտել այն: Ըստ ֆրանսահայ կազմակերպությունների` Յասիմ Յիլդիրիմ անունով թուրք պատգամավորը սոցցանցերում հանդես էր եկել հրապարակումներով` փառաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանին, իսկ Հայոց ցեղասպանությունը ներկայացրել իբրև արևմուտքի կողմից հորինվածք: Բայս Վալանսի քաղաքապետական խորհրդի որոշումը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ընդունվեց միաձայն քվեարկությամբ, ներառյալ թուրք պատգամավորի քվեն: Քվեարկությունից առաջ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը խոսել է հայկական համայնքի հետ ունեցած իր սերտ կապերի մասին, Հայաստանում և Արցախում իր գործունեության մասին, շեշտել իր անզիջում վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, նրա ժխտման դատապարտման հարցում:

Քաղաքապետը կոչ է արել խորհրդի բոլոր անդամներին առանց բացառության միաձայն կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը:

Ֆրանսահայ կազմակերպությունների համար պարզ էր, որ քվեարկությունը հասցեագրված էր ծագումով թուրք պատգամավորին, այդուհանդերձ երեկ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայ դատի հանձնախումբը և Դաշնակցության նոր սերունդը հայտարարել են, թե իրենց մտահոգությունն ամբողջությամբ կփարատվի, եթե Յասիմ Յիլդիրիմն իր սեփական նախաձեռնությամբ արտահայտվի Հայոց ցեղասպանության իրականացման մասին: